ՌԱԴԻՈ

Սաիյան. «ԵԱՏՄ երկրում բնակվողը կենսաթոշակի հարցով Հայաստան գալու կարիք չի ունենա»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է կենսաթոշակների վճարման նոր ձևի մասին, որը գործելու է Եվրասիական տնտեսական միության երկրներում։
Sputnik
Սաիյան. «ԵԱՏՄ երկրում բնակվողը կենսաթոշակի հարցով Հայաստան գալու կարիք չի ունենա»

ԵԱՏՄ երկրների առաջնորդները դեկտեմբերի 20-ին կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Միության երկրների քաղաքացիները թոշակի անցնելիս կենսաթոշակներ են ստանալու ԵԱՏՄ–ի բոլոր այն երկրներից, որտեղ երբևէ աշխատել են։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով` անձն իր կենսաթոշակային ապահովության իրավունքը կիրականացնի ամբողջությամբ, եթե բնակվում է ԵԱՏՄ պետություններից որևէ մեկում` անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ձեռք բերել կենսաթոշակի իրավունքը։

«Ընդ որում` գումարը համամասնորեն կֆինանսավորեն այն պետությունները, որոնց տարածքում անձը ձեռք է բերել այդ իրավունքը։ Այստեղից բխում են նաև այլ իրավունքներ ու հնարավորություններ։ Օրինակ` եթե անձը բնակվում է Բելառուսում, ՀՀ–ից կենսաթոշակ ստանալու համար Հայաստան ժամանելու և իր կենսաթոշակը նշանակելու դիմումն այստեղ ներկայացնելու կարիք չի ունենա»,– Sputnik Արմենիային ասաց նա։

Ըստ Սաիյանի` Բելառուսում ներկայացված դիմումը համարվում է, որ այն ներկայացվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնին։

Փոխնախարարը շեշտեց, որ այս բոլոր կանոնները վերաբերում են աշխատանքային ստաժի այն ժամանակահատվածին, որոնք ընկած են համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։

Նշենք, որ համաձայնագիրը դեռ պետք է վավերացնեն ԵԱՏՄ երկրների խորհրդարանները։