Ցուցարարները բացեցին Տիգրան Մեծի պողոտան, բայց բողոքի ակցիան շարունակվում է

Սպանդանոցների պայմանների դեմ բողոքող ցուցարարները պահանջում են հանդիպում կառավարության անդամների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Կառավարության շենքի դիմաց սպանդանոցների նոր պայմանների դեմ այսօր կրկին բողոքի ակցիա իրականացնողները ոստիկանների հորդորով բացեցին Տիգրան Մեծի պողոտան:

Սպանդանոցային անվտանգության գինը. Հայաստանում միսը կթանկանա

Ցուցարարները պահանջում են հանդիպում կառավարության ներկայացուցիչի հետ, իսկ ոստիկանության աշխատակիցները երկու շարքով պատ են կազմել կառավարության շենքի մոտ:

Նշենք, որ ցուցարարների թիվն անցնում է մի քանի հարյուրը: Նրանք բացականչում են «Արդարություն» , «Դուխով», «Վարչապետ» բառերը:

Ավելի վաղ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծի պողոտան` դուրս գալով Հանրապետության հրապարակ: «Նրանք նստած են տաք գրասենյակներում, բայց մեզանից փող են պոկում, իսկ մեզ համար հազար դրամը փող է: Այդպիսի որոշումներ մի կայացրեք»,–ասում էին ցուցարարները։

Իսկ դուք իմ վարկը կմուծե՞ք. ֆերմերները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության մոտ

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։ Ենթադրվում է, որ դրա հետևանքով միսը մոտ 10 տոկոսով կթանկանա։

Նշենք նաև, որ 2018թ.–ի դրությամբ հայաստանյան սպանդանոցները կենտրոնացած էին հիմնականում մայրաքաղաքին հարակից տարածքներում` Կոտայքի մարզում` 11, Մասիսում` 1, ևս 2-ը` Էջմիածինում։ Ապարանում, Վանաձորում, Ալավերդիում Դիլիջանում ու Եղեգնաձորում երկուական սպանդանոց էր գործում, իսկ անասնապահական խոշոր շրջաններում` Շիրակում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սիսիանում սպանդանոցներ ընդհանրապես չկային։