Արմեն Սարգսյանը կմասնակցի Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպմանը

Դավոսի ֆորումի 50-րդ ամենամյա հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը կունենա մի շարք կարևոր հանդիպումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik. Դավոսի ֆորումն ակնկալում է լսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տեսլականը 4-րդ արդյունաբերական հեղափոխության, քվանտային քաղաքականության և ժամանակակից աշխարհի զարգացման ուղղությունների ու միտումների վերաբերյալ։ Սարգսյանին ուղղված նամակում նշել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և նախագահ Կլաուս Շվաբը` նրան հրավիրելով մասնակցել ֆորումին։ Տեղեկությունը կարդում ենք նախագահականի կայքում։

Սարգսյանն, ի դեպ, արդեն իսկ մեկնել է Շվեյցարիայի Համադաշնություն:

«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան

«Արմեն Սարգսյանը որպես բանախոս Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում կխոսի աշխարհում տեղի ունեցող սրընթաց զարգացումների, համաշխարհային ռիսկերի մասին։ Նա կանդրադառնա նաև նոր քվանտային տեխնոլոգիաների ու համակարգերին, քաղաքականության քվանտային վարքագծին, ժամանակակից աշխարհի զարգացման ուղղություններին »,–նշված է նախագահականի հաղորդագրության կայքում։

Հայաստանի նախագահի հետ որպես բանախոս հանդես կգա տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ժոզեֆ Ստիգլիցը:

Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպումներ կունենա համաժողովի մասնակից մի շարք պետությունների, կառավարությունների ղեկավարների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է. նախագահի տոնական և ընտանեկան լուսանկարները

Հիշեցնենք, որ հունվարի 20-24-ը շվեյցարական Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրի ներքո: Տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 բանախոսներն ու ավելի քան 3000 մասնակիցները քննարկելու են տնտեսության, տեխնոլոգիաների, էկոլոգիայի, արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր:

Ֆորումի այս տարվա բանախոսների թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը, կլիմայի և բնապահպանական հարցերով ակտիվիստ Գրետա Թունբերգը և այլոք: