ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և խափանել է թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական կայուն ուղու գործունեության դեպք։
Փաստական տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացիներ և Ուրուգվայի Հանրապետության 1 քաղաքացի` նախնական համաձայնության են եկել ԱՄՆ-ում բնակվող հայազգի հանցակցի հետ և ՀՀ տարբեր քաղաքացիների անվամբ՝ առանց վերջիններիս գիտության, փոստային առաքանիներում մանկական և գրենական պիտույքներում ծեփունով քողարկված թմրամիջոցները ԱՄՆ-ից մաքսային հսկողությունից թաքցնելով Հայաստան տեղափոխելու և իրացնելու նպատակով՝ ստեղծել են կայուն հանցավոր խումբ և փոստային ծառայության միջոցով տևական ժամանակ մաքսանենգությամբ ներկրել են «կոկաին», «մեթամֆետամին» և «հաշիշի յուղ» տեսակների առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։
«Թվով 5 ծանրոցներով ուղարկված դրանց վերջին խմբաքանակը Հայաստանում գործող փոստային ծառայության գրասենյակը ստացել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին, 2020 թ. հունվարի 8-ին և 10-ին, այնուհետև ս.թ. հունվարի 14֊ին հանցավոր խմբի անդամները ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո ստացել են նշված ծանրոցներից մեկը, փոխադրել այն իրենց կողմից որպես հավաքատեղի օգտագործվող ավտոտնակ, որից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավոր խմբի 3 անդամները բերման են ենթարկվել և ձերբակալվել»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման դեպք
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակում ձեռք են բերվել հանցավոր խմբի գործունեությունը փաստող անհերքելի ապացույցներ։ Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել նախկինում Հայաստան թմրամիջոցներ ապօրինի ներկրելու, համացանցի միջոցով գնորդների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու, գումարը ստանալուց հետո դրանք նախապես տեղանշած թաքստոցներում թողնելու և իրացնելու վերաբերյալ: Գործի շրջանակում 3 անձանց առաջադրվել են մեղադրանքներ, և դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց հայտնաբերելու, ինչպես նաև թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու ուղղությամբ։