Երևանյան հրդեհից հետո «Новое время» ռուսալեզու թերթը ժամանակավորապես փակվում է

Սկզբում հրշեջներն ասում էին, որ գրասենյակներից ոչ մեկը չի տուժել, պարզվում է` թեթև վնասվել են նաև այլ պարբերականների խմբագրությունները, ամենաշատը տուժել է «Новое время» թերթի գրասենյակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik.  Հունվարի 18–ին Երևանի մամուլի շենքում բռնկած հրդեհը լուրջ նյութական վնաս է հասցրել «Новое время» ռուսալեզու թերթի խմբագրությանը, ինչի հետևանքով այն ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը։

«Հրդեհը շարքից հանել է որոշ խմբագրությունների տարածքներն ու տեխնիկայի մի մասը։ Այդ պատճառով «Новое время» թերթը մոտավորապես երկու շաբաթով դադարեցնում է իր աշխատանքը։ Թերթի աշխատանքների վերսկսման մասին ավելի հստակ տեղեկություն կհայտնվի պարբերականի կայքում», – գրված է թերթի պաշտոնական էջում։ 

Մամուլի շենքում հրդեհը բռնկել էր հունվարի 18-ին։ Այրվել էին առաջին հարկի էլեկտրական վահանակները։ Կրակը փակ հորանում մալուխներով բարձրացել էր վերև, ավելի ուշ մեկուսացվել էր ու մարվել։

Ռուսերեն տպագրվող «Новое время» («Նոր ժամանակ») թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ մամուլի շենքում բռնկած հրդեհի հետևանքով տուժել է իրենց գրասենյակը։

Մամուլի շենքի հրդեհի հետևանքով «Новое время»–ի խմբագրության կեսն այրվել է. լուսանկարներ

«Մտա, սարսափեցի։ Խմբագրության կեսը չկա, դռներն ու պատուհանները կոտրված են։ Շենքը հոսանքազրկվել է, դժվար է ստուգել` տեխնիկան աշխատում է, թե ոչ», – ասել էր նա։

Սաթյանի խոսքով` կրակը երևի այնքան ուժգին է եղել, որ հորանից այրել ու ծխահարել է խմբագրության կեսը։ Սենյակները փակ են եղել, կրակն այնտեղ չի հասել։

Երբ ամեն ինչ սկսել է այրվել ու ծխալ, ժամանել են հրշեջները և սկսել են հրդեհը մարել։

 

Հայտնի է` ինչն է եղել մամուլի շենքում բռնկած հրդեհի պատճառը

Ուշագրավ է, որ Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ոչ մի սենյակ չի այրվել։