ՌԱԴԻՈ

Չաքրյան. «Էրդողանն ուզում էր տապալել Սիրիայի իշխանությունը»

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Լիբիայում թուրքական զինուժի տեղակայման խնդրին ու այդ երկրի տարածաշրջանային նկրտումներին:
Sputnik
Չաքրյան. «Էրդողանն ուզում էր տապալել Սիրիայի իշխանությունը»

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Թուրքիան ոչ միայն զորամիավորում է մտցրել Լիբիա, այլև ահաբեկիչներին է տեղափոխում այնտեղ՝ նրանց տալով զենք-զինամթերք, նույնիսկ ցանկանում է տրամադրել սուզանավեր, քանի որ հունական ու եգիպտական նավերը նշված շրջանում պարեկություն են անցկացնում, չնայած ՄԱԿ-ը նախապես արգելել էր հյուսիսաֆրիկյան երկիր զենք տեղափոխել: 

«Մենք հանցագործություն ենք արել». Էրդողանը կդառնա՞ երկրորդ Բրանդտ

«2011թ-ի մարտին, երբ Սիրիայում սկսվեցին ներքին բախումները, Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը հինգ ժամում կմտնեն Սիրիա ու ինքն էլ նրանց հետ կգնա և Դամասկոսի Օմայան մզկիթում նամազ կանի: Իսկ արտգործնախարար Դավութօղլուն ժամանակային միջակայքը նույնիսկ կրճատել էր երկու ժամով»,- նշեց թուրքագետը: 

Չաքրյանի փոխանցմամբ՝ Էրդողանը ցանկանում էր տապալել Սիրիայի իշխանություններին և նրանց տեղում նշանակել «Մուսուլման եղբայրներին», որոնց հետ դեռ այն ժամանակվանից սերտ հարաբերությունների մեջ էր: Թուրքիայի նախագահը փորձում էր «Մուսուլման եղբայրներին» իշխանության բերել նաև Սիրիայի հարևան երկրներում ու դառնալ տարածաշրջանային գերտերություն: 

Տեր-Մաթևոսյան. «ՀՀ նոր իշխանությունները դասեր քաղե՞լ են Լիբանանի քաղաքացիական պատերազմից»

«Սակայն նման հույս այժմ չկա, որովհետև Լիբիայում գործադրվում են վերջին ճիգերը: Իսկ գիտե՞ք, որ Եգիպտոսն իր հերթին ֆելդմարշալ Հաֆթարին տրամադրել էր ռազմաօդային ուժեր ընդդեմ թուրքերի: Հաֆթարն, ի դեպ, կրթություն է ստացել Մոսկվայում և համարվում էր Քադաֆիի օգնականը: Լիբիայի առաջնորդի գերիշխանության տապալումից հետո մեկնեց ԱՄՆ, նույնիսկ ունի այդ երկրի քաղաքացիություն և քվեարկել է Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում»,- ասաց թուրքագետը: 

Գրիգորյան. «Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը»  

Չաքրյանը վկայակոչում է Գերմանիայի արտգործնախարարի հայտարարությունը, ըստ որի՝ Հաֆթարը համաձայնել է ստորագրել զինադադարի համաձայնագիրը երկու պայմանով, որ թուրքերը չվերահսկեն հրադադարի ռեժիմը և օտարերկրյա բոլոր զորամիավորումները դուրս բերվեն Լիբիայի տարածքից, ինչն առաջին հերթին վերաբերում է թուրքական կոնտինգենտին և նրանց օգնությամբ Իդլիբից Լիբիա ներթափանցած ահաբեկիչներին: