ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառուցած քաղաքական համակարգը չի հանդուրժի քաղաքական այլընտրանք` ի դեմս ՀՀ ազգային անվտանգության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Հունվարի 12-ին Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Facebook սոցցանցի իր էջում հրապարակել էր «Հայկական ժամանակ» թերթի հոդվածը, որտեղ նշվում է, որ Վանեցյանն է կազմակերպել և այժմ էլ շարունակում է մամուլում արշավը վարչապետի ընտանիքի դեմ։
«Հայկական ժամանակը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում և կառավարվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից, որին էլ աջակցում է «Վստրեչի ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանը:
Ավելի ուշ Վանեցյանն Instagram–ի իր էջում հայտարարել էր, որ ընտանիքն իր համար սրբություն է, իսկ մյուսներին վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերն անընդունելի են։ Վերջում ԱԱԾ նախկին տնօրենը հայտնել էր, որ հոդվածն անպատասխան չի մնա, դրանով արդեն զբաղվում են իր փաստաբանները։
Վանեցյանի ակտիվությունն ու բարեփոխումներն ԱԱԾ–ում. ինչո՞ւ իշխանությունը պետք է շտապի
Թերթի վարկածի համաձայն՝ հիմա, երբ Վանեցյանն այլև չի գլխավորում ԱԱԾ-ն, նրան վարչապետի ընտանիքի դեմ քարոզարշավի հարցում օգնում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն ու ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։ «Ֆեյքերի» բանակի օգնությամբ նրանք իբր թե փորձում են վարկաբեկել վարչապետին ու իշխանափոխության երկարաժամկետ խնդիր են դնում։
Արմեն Բադալյանը նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալու մասին` Վանեցյանի ոչ միանշանակ հայտարարությունից հետո նա քաղաքական դաշտում է գտնվում, թեև` համեմատաբար պասիվ դիրքում։
«Քաղաքականության մեջ մտնելու համար բավական չէ միայն հայտարարություններ անել։ Դա բարդ գործընթաց է, որը պահանջում է անհրաժեշտ պայմաններ, բարենպաստ հանգամանքներ։ Նախկինում հավաքած կապիտալը կարող է շատ հեշտ ցրվել ու հետո անհնար կլինի հավաքել այն», - նշեց Բադալյանը։
Քաղաքական «շոուի» տարբերակը Վանեցյանի դեպքում չի գործում, այդ միջոցը հակացուցված է նրան։ Ամեն գործիչ իր կերպարն ունի, որը հասկանալի է նրան համակրող մարդկանց համար։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ հանրությունը կտրուկ սկսել է քննադատել Վանեցյանին, ապա դա ԶԼՄ-ներում ու սոցցանցերում վերջերս դրսևորված ակտիվությունն է խթանել այդ արձագանքը։ Քաղտեխնոլոգը նշում է, որ հնարավոր խորը պատճառները թաքնված են սուպերվարչապետական համակարգում, որը ստեղծել է նախկին իշխանությունը։
Այդ ինստիտուտը նպաստում է միահեծան իշխանության ձևավորման։ Փաշինյանն այժմ այդ ճանապարհով է գնում։
«Միահեծան իշխանության համակարգը որոշակի կանոններ ունի. այն այլընտրանք չի հանդուրժում։ Այսօր բոլոր կառույցներն այդ համակարգին են ենթարկվում (նույնիսկ համեմատաբար փոքր կառույցները, օրինակ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ու Հանրային խորհուրդը)»,-նշեց Բադալյանը ։
Այժմ իշխանությունը մտադիր է վերացնել Սահմանադրական դատարանի անկախությունը որպես ինստիտուտի, ու Վանեցյանի անկախությունը որպես քաղաքական գործչի։
Դրանից հետո կմնան ևս երեք ինստիտուտ՝ Արցախի իշխանության համակարգը, Հայ առաքելական եկեղեցին ու ԶԼՄ-ները։
«Հենց այդ պատճառով է հիմա այդպիսի հարձակում իրականացվում Վանեցյանի ու ՍԴ-ի նկատմամբ», -ասաց Բադալյանը։
Օգտագործվում է նաև կոմպրոմատների տեխնոլոգիան։ Փաշինյանի դստեր հայտարարությունը պետք է «իջեցներ» Վանեցյանի ակտիվության մակարդակը մինչև Մարիամի հետ երկխոսության մակարդակի։ Դա քաղտեխնոլոգիաներում ընդունված պրակտիկա է, սակայն այն չաշխատեց, քանի որ ԱԱԾ նախկին տնօրենը պատասխանեց ոչ թե Մարիամին, այլ Փաշինյանի վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ին։
Չի բացառվում, որ գաղտնալսման գործի շրջանակում Փաշինյանի ՍԴ գնալն ակնարկ էր Վանեցյանին։
Որտեղից է հրապարակվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված զրույցը. Գրիգորյանի բացահայտումը
Նշենք նաև, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ քրեական գործը, որի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին Քննչական կոմիտե էին կանչել, կապված էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ։
Հիշեցնենք` 2018–ի սեպտեմբերի 11–ին համացանցում հայտնված 8 րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկում էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։
Վանեցյանը Հատուկ քննչական ծառայության ղեկավարին պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել ամեն գնով «նստեցնել» Քոչարյանին։ Այնուհետև անցնում էին Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։