Մի կտոր ջերմություն` «նորաձև» ծառերից. բարեգործական ակցիան տաքացրել է տասնյակ մարդկանց

Ծառերի միջոցով կարելի է տաքանալ նաև առանց նրանց կտրելու։ Վերջին օրերին երևանցիները հնարավորություն ունեցան դրանում համոզվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Ձմռանը Երևանի այգիները գունաթափվում են. տարբեր ծառատեսակները կորցնելով տերևները և չորանալով՝ նմանվում են միմյանց, գետինը պատվում է մերկասառույցով, շուրջբոլորը գորշ մթնոլորտ է տիրում։ Բայց այս տարվա հունվարին կենտրոնական այգիներից մեկը` Մանկական կամ Կիրովի այգին, աչքի էր ընկնում իր գույնզգույն ծառերով։ Այգի մտնելիս կարելի էր տեսնել, որ գույները ծառերի վրա ապահովում է մարդկային հագուստը` ծառերը կրում էին կարմիր, կանաչ, դեղին վերարկուներ և վերնազգեստներ։

Մի կտոր ջերմություն` «նորաձև» ծառերից. բարեգործական ակցիան տաքացրել է տասնյակ մարդկանց

Իսկ էլ ավելի մոտենալով «նորաձև» ծառերից յուրաքանչյուրին՝ կարելի էր հստակ հասկանալ, որ հագուստը միտված է մարդկանց ջերմացնելու, ոչ թե ծառերին։

«Վերցրեք, եթե տաք հագուստի կարիք ունեք». այս նախադասությունն է գրված հագուստներից կախված դեղին պիտակների վրա։ Ցանկացած ոք կարող է մոտենալ ցանկացած ծառի և վերցնել իրեն պետք եկած հագուստը։ Այս տաք նախաձեռնության հեղինակը «Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն է։

ՀԿ–ի նախագահ Մարինե Եղոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ դեկտեմբերի վերջին Facebook-ի իրենց էջում օգտատերերին տեղեկացրել են, որ տաք հագուստ են հավաքագրում։ Ոգեշնչվելով ավստրալիական Թասմանիայում Օլիվեր անունով տղայի ակցիայից` իրենք էլ որոշել են Երևանում ևս նմանատիպ ակցիա կազմակերպել, այսինքն` ազատ տարածքում դնել տաք հագուստ, որը կարող է վերցնել յուրաքանչյուր ոք։ Հագուստը այգում կախել են հունվարի 12-ին, հունվարի 16-ին արդեն ծառերը «մերկ» էին։

Մի կտոր ջերմություն` «նորաձև» ծառերից. բարեգործական ակցիան տաքացրել է տասնյակ մարդկանց

«Բազմաթիվ են նախաձեռնությունները, որոնք հագուստ են հավաքագրում ու տանում որևէ թիրախային ընտանիքի կամ ծերանոց, կամ մանկատուն։ Մենք ցանկանում էինք մեր ակցիայով հնարավորություն տալ ցանկացած մարդու գալ և վերցնել իրեն անհրաժեշտ հագուստը` հստակ իմանալով, որ այն ոչ մի կերպ չի լուսաբանվելու և անուններ չեն շոշափվելու։ Մենք չգիտենք, թե մեր կախած որ հագուստը ով է տարել», – պատմում է Եղոյանը։

Տաթևիկ Ռևազյանը 6–ամյա Տիգրանին ժպիտ պարգևելու համար մեկ օրով փոխեց մասնագիտությունը

Կազմակերպության կամավորները տևական ժամանակ հերթապահել են այգում` մտավախություն ունենալով, որ շորերը կարող են վնասվել եղանակային պայմաններից, թափառող շների կողմից, կամ գուցե ինչ-որ մեկը գա և տանի ամբողջը։ Սակայն հագուստը ծառերից հատ–հատ է պակասել։ Համարելով, որ նախաձեռնությունն իր նպատակին հասել է, կազմակերպությունը մինչև հունվարի 24-ը հայտարարում է տաք հագուստի հավաքագրման երկրորդ փուլի մասին։ Հավաքագրված հագուստը կամավորները ծառերից կկախեն հունվարի 25-ին։

«Ակցիան մենք անվանել ենք «Մի կտոր ջերմություն»` նպատակ ունենալով ջերմացնել մարդկանց։ Բացի այդ, այս ակցիայի շնորհիվ մեր կամավորները սոցիալական կարևոր նախագծի մասնակցեցին։ Իրականում մեր երկրում կամավորների մեծ մասը հետաքրքրված է մշակութային, սպորտային, փառատոնային միջոցառումներին աջակցելով։ Իսկ աշխարհում շատ տարածված են նման սոցիալական նախագծերը», – ասում է Եղոյանը։

«Հայ կամավորների բանկ» ՀԿ–ն ստեղծվել է 2013-ին Մարինե Եղոյանի և իր ընկերների նախաձեռնությամբ։ Կազմակերպությունը տարեկան 800-1000 կամավորի և 500-1000 կազմակերպության հետ է աշխատում:

Մի կտոր ջերմություն` «նորաձև» ծառերից. բարեգործական ակցիան տաքացրել է տասնյակ մարդկանց