Բաքվի և Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով կատարվել է հոգեհանգստյան կարգ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ ապագայում Բաքվի և Սումգայիթի ջարդերի պես երևույթները բացառելու գրավականը հայրենիքի շուրջ համախմբումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Այսօր Էջմիածնի Ս. Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ` Բաքվում և Սումգայիթում իրականացված ջարդերի 30-րդ տարելիցի առիթով. հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Հարության հավատքով է ապրել և գոյատևել մեր ժողովուրդը՝ ամեն անգամ փյունիկի նման հառնելով մոխիրներից ու թշնամու վայրագություններից։ Ճիշտ 30 տարի առաջ՝ այս օրերին, երբեմնի հայաշատ Բաքվում, իսկ դրանից առաջ էլ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան մեր հայրենակիցների կազմակերպված տեղահանությունն ու ջարդերը։ Շատերը զոհվեցին, իսկ փրկվածները՝ ունեզրկվեցին»,–ասել է կաթողիկոսը։

«Ադրբեջանահայերի հանդեպ եղածը պետք է քննվի միջազգային դատարանում». Ուլուբաբյան

Նրա խոսքով` ապագայում նման երևույթները բացառելու գրավականը Հայրենիքի շուրջ համախմբումն է, հայոց պետականության ամրապնդումը։

Հիշեցնենք, որ հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի հունվարի 13-15-ը: 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում կայացած բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժեց հայերի բնակարանները և ծեծ ու բռնարարքներ սկսեց։

«Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն». Արմեն Սարգսյան

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: