Կան ինքնասպանության մասին վկայող բավականաչափ տվյալներ. ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի մահվան միջև ինչ–ինչ նմանություններ է տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը եկել էր մասնակցելու ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Կուտոյանի մահվան առնչությամբ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ, որոնք վկայում են նրա ինքնասպանության մասին։

«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին

«Չնայած նրա ինքնասպանության մասին փաստող բավականաչափ տվյալներ կան, սակայն բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերելու դեպքում, այդ մասին կբարձրաձայնենք»,–ասաց դատախազը։  

Հարցին, թե տեսնո՞ւմ է նմանություն Կուտոյանի և ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքերի միջև` Դավթյանը պատասխանեց` այո, երկու դեպքում էլ մահվան դեպքն արձանագրվել է հրազենային վնասվածքով։

Նա հիշեցրեց, որ երկու դեպքով էլ քրգործ է հարուցվել։

Մեկ այլ հարցի, թե արդյո՞ք խնդիրներ չի տեսնում այս ամենի մեջ` դատախազը պատասխանեց, որ եթե խնդիրներ չլինեն, հարուցված քրեական գործեր էլ չէին լինի։

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ

Հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին` ինքնասպանության հասցնելու մասով։

Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ առայժմ ոչ մի վարկած մերժված չէ. Միրզոյան

Հիշեցնենք` Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվել էր 2019–ի  սեպտեմբերի 23-ին Բջնիի առանձնատանը: Նախնական տեղեկություններով` Հարությունյանը նույնպես ինքնասպանություն է գործել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):