ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը չգիտի` ինչի հետ կապել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը։ Նա լրագրողներին նման կարծիք հայտնեց այսօր` Կուտոյանի հոգեհանգստին մասնակցելուց հետո։
«Ես միայն մեկ բան կարող եմ ասել, որ մարդիկ երբ դժվարության մեջ են լինում, պետք է նրանց հոգեբանորեն օգնել»,- ասաց նա` հավելելով, որ պետք է սպասել հանգուցալուծմանը` իմանալու համար` ինչ է իրականում կատարվել։
Բաբլոյանը հայտնեց նաև, որ մտերիմ է Գեորգի Կուտոյանի հոր` Կարեն Կուտոյանի հետ, որը նրա գործընկերն է։ Նշենք, որ Կարեն Կուտոյանն անվանի մանկաբարձ–գինեկոլոգ է, Քանաքեռ–Զեյթունի ծննդատան տնօրենը։
«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին
Իսկ անձամբ Գեորգի Կուտոյանի հետ Բաբլոյանն ավելի շատ աշխատանքային հարաբերությունների է ունեցել։
«Շատ եմ ցավում, բնավ նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել»,–իր խոսքն ամփոփեց Բաբլոյանը։
Հիշեցնենք` ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է հունվարի 17-ին` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ
Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: