Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարել է քրեական ենթամշակույթին վերջ տալու մասին

ՀՀ վարչապետը հրապարակել է ոստիկանության տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են իրավապահները ոստիկանության բաժիններ բերման ենթարկում քրեական ենթամշակույթ կրող անձանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ չի հանդուրժելու քրեական ենթամշակույթի առկայությունը Հայաստանում։

«Քրեական ենթամշակույթը տեղ չունի Հայաստանում, և վերջ»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա և հրապարակել ոստիկանության տարածած տեսանյութը:

Երևանում իրականացված հերթական գործողության մասին պատմող այս տեսանյութը ոստիկանությունը հրապարակել էր հունվարի 16-ին։

Ոստիկանությունը հայտնել էր, որ Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։

Ըստ շրջանառվող լուրերի` բերման ենթարկվածների թվում «Վստրեչի ապերի»` Արամ Վարդանյանի շրջապատի անձինք են եղել։