Մամուլի շենքի հրդեհի հետևանքով «Новое время»–ի խմբագրության կեսն այրվել է. լուսանկարներ

Կոտրվել են խմբագրության պատուհանների ապակիներն ու դռները, պատերն այրվել են ու ծխահարվել, տարածքը լցվել է ջրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսերեն տպագրվող «Новое время» («Նոր ժամանակ») թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այսօր մամուլի շենքում բռնկած հրդեհի հետևանքով տուժել է իրենց գրասենյակը։

«Մտա, սարսափեցի։ Խմբագրության կեսը չկա, դռներն ու պատուհանները կոտրված են։ Շենքը հոսանքազրկվել է, դժվար է ստուգել` տեխնիկան աշխատում է, թե ոչ», – ասաց նա։

Սաթյանի խոսքով` կրակը երևի այնքան ուժգին է եղել, որ հորանից այրել ու ծխահարել է խմբագրության կեսը։ Սենյակները փակ են եղել, կրակն այնտեղ չի անցել։

Երբ ամեն ինչ սկսել է այրվել ու ծխալ, ժամանել են հրշեջները և սկսել են պոմպերով ջրել տարածքը։

Սաթյանի խոսքով` դեպքից 3 ժամ անց եկել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Ասաց, որ պետք է հաշվարկել վնասը, կարծես թե դրանում իրենց մեղքը չկա», – նշեց Սաթյանը։

Այժմ թերթի գլխավոր խմբագիրը մտածում է, թե ուր կարելի է ժամանակավորապես տեղափոխվել։ Ամենայն հավանականությամբ ստիպված կլինեն որևէ տարածք վարձակալել։ Գրասենյակում աշխատելն անհնար է։

Ինչ վերաբերում է այլ գրասենյակներին, ապա Սաթյանը չգիտի, թե որքան են տուժել մյուսները։ Նրան թույլ են տվել վերև բարձրանալ, քանի որ ամենից շատ տուժել է իրենց խմբագրությունը։

Ուշագրավ է, որ Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ոչ մի սենյակ չի այրվել։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես է հրդեհն անդրադարձել այլ ԶԼՄ–ների աշխատանքի վրա։ «ՄԻՐ» հեռուստաընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մերուժան Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հրդեհը հեռուստաընկերության գործունեության վրա որևէ կերպ չի անդրադարձել, քանի որ առանձին էլեկտրամատակարարում է գործում։ Հեռուստաընկերության աշխատակիցներն իմացել են` ինչ է պետք անել արտակարգ իրավիճակում, քանի որ իրենց մոտ մշտապես տեխնիկական անվտանգության գծով գործողությունների մշակում է իրականացվում։

Ծուխը հասել է նաև «Առավոտ» թերթի խմբագրություն, որը գտնվում է շենքի 15-րդ հարկում։ Խմբագրության աշխատակիցները Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին, որ գրասենյակում ծխի հոտ է տարածվել։

Կրակի մարման ընթացքում հրշեջները կոտրել են թերթի խմբագրության մուտքի դուռը` ստուգելու համար տարածքի վիճակն ու հրդեհի օջախների առկայությունը։ Փրկարարները նաև փոքր անցք են բացել պատուհանի մեջ, որպեսզի ծուխը դուրս գա։ Այս խմբագրությունում ևս լույս չկա։

Մամուլի շենքում հրդեհը բռնկել էր այսօր կեսօրին մոտ։ Այրվել են առաջին հարկի էլեկտրական վահանակները։ Կրակը փակ հորանում մալուխներով բարձրացել է վերև։ Ավելի ուշ մեկուսացվել է ու մարվել։