ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է տարածել։ Նա նշել է, որ Կուտոյանն ԱԱԾ–ն ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել էր վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։
«Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա էր և, չնայած իր երիտասարդ տարիքին, նաև՝ փորձառու պաշտոնյա»,– նշված է Մարտիրոսյանի ցավակցական ուղերձում։
Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել, որ ինչպես Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները հետաքննող, այնպես էլ ՀՀ իրավապահ մյուս բոլոր մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ-ն, իրենց գործառույթների շրջանակներում անելու են հնարավոր առավելագույնը՝ հարուցված բազմաթիվ հարցերի սպառիչ պատասխաններ տալու համար։
«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ
Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 17–ին, Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մարմնի վրա հրազենային վնասվածք է եղել քունքի շրջանում։ «Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1–ին մասով` ինքնասպանության հասցնելը։ Բայց բազմաթիվ վարկածներ է առաջ քաշվելու` կարող է լինի ուղղակի սպանություն կամ սպանություն` քողարկված ինքնասպանությամբ»,–ասել էր Մելիքյանը։
Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան
Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։ Մելիքյանը նաև հայտնել էր, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: