«Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացվի». Բաղրամյան

Սահմանին գազի գինն արդեն թանկացել է, սակայն սակագների վերաբերյալ սպառիչ պատասխան կլինի միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմը» հանձնաժողով հայտ կներկայացնի։ Բանակցությունները ենթադրվում է, որ կավարտվեն մինչև ապրիլի 1-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի–Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գազի գնի քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և չի բացառվում, որ «Գազպրոմը» դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագինը վերանայելու հայտով։

Այս պահին նման տեղեկություն չկա. Ալեն Սիմոնյանը` գազի թանկացման մասին

«2019 թվականի հունվարից գազի սակագինը սահմանին թանկացել է։ 165 դոլար թանկացումը 2020 թվականի համար պահպանվելու է նույն մեծությամբ. դա արդեն պայմանավորված է»,– նշեց Բաղրամյանը։

Նրա խոսքով`  գազի գնի վերանայման վերաբերյալ սպառիչ պատասխանը կլինի այն ժամանակ, երբ փաստացի հանձնաժողովը կստանա հայտ և կուսումնասիրի այն։

«Այս պահին բանակցությունների արդյունքներից ելնելով` կարող եմ ասել, որ չի բացառվում` ապրիլից հետո կներկայացնեն սակագնի վերանայման հայտ»,– ասաց նա` հավելելով, որ «Գազպրոմն» այլևս ի վիճակի չէ փոխհատուցել ավելացած գումարը:

Հիշեցնենք` 2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակին:

Այս պահին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար  է։

Հայաստանում գազը կարող է թանկանալ. «Գազպրոմ Արմենիան» չի բացառում, որ կդիմի ՀԾԿՀ

2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևս սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։

Նշենք, որ գազը 1000 խմ դիմաց սպառողին հասնում է գրեթե 290 դոլարով։