«Վեոն» կորպորացիան քննարկում է ՀՀ–ում իր բիզնեսը վաճառելու հնարավորությունները` բանակցելով է «Յուքոմ» ընկերության հետ։
Գրիգոր Սաղյանի դիտարկմամբ՝ դա կապված չէ եկամտաբերության խնդրի հետ: Ըստ նրա՝ հարցը պետք է ավելի լայն դիտարկել՝ հաշվի առնելով, որ «Վեոն» ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը Տաջիկստանում: Մնացել են երկու երկիր՝ Ռուսաստանը և Հայաստանը:
«Ըստ երևույթին նպատակահարմար չէ պահել առանձին օրենսդրությամբ գործող ընկերություն, ինչպիսին է «Բիլայն Արմենիան»՝ «Արմենտելը»: Հայաստանի բնակչության թիվը 3.6 միլիոն է, որից 800 հազարն օգտվում են «Բիլայնի» ծառայություններից, ինչը չնչին մասն է կազմում այն շրջանառության, որը «Վեոնն» ունի Ռուսաստանում»,- նշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը:
Սաղյանի գնահատմամբ՝ մեր շուկան ՌԴ-ի համեմատ շատ փոքր է, և ուրիշ երկրի օրենսդրությանը հարմարեցնելն արդեն չի հանդիսանում նախկին էքսպանսիան, որն ուներ «Բիլայնը», երբ տարածվում էր նախկին ԽՍՀՄ հանրապետություններում:
Նրա կարծիքով՝ Էքսպանսիայի ժամանակաշրջանն ըստ երևույթին ավարտվել է, և հիմա տեսանելի է վերադարձը դեպի հիմնական աղբյուրը:
«Հուսով եմ, որ ՀՀ-ում չի լինի միայն երկու օպերատոր, ինչը շատ վտանգավոր է։ Օրինակ՝ ԱՄՆ-ում օրենսդրորեն չի թույլատրվում, որ լինի չորս օպերատորից պակաս: Սրա իմաստն այն է, որ շուկայում գործող օպերատորները չկարողանան իրար հետ կնքել կարտելային համաձայնագրեր: Երկու օպերատորի պարագայում պայմանավորվածությունների հավանականությունը շատ բարձր է»,- նշում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը:
«Բիլայնի» նախկին մենեջերին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից
Գրիգոր Սաղյանի փոխանցմամբ՝ «Արմենտելն» արդեն իսկ ունի հարմարավետ ենթակառուցվածքներ, և ով դառնա «Արմենտելի» նոր տերը, կստանա հսկայական մրցակցային առավելություններ: