«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ

Կուտոյանի մահը կարող էր ձեռնտու լինել ամենատարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների` կախված հանգամանքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահը նախկին ոստիկանապետի ինքնասպանության հետ միասին չափազանց տարօրինակ օրինաչափություն է դառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս երկու դեպքերի միջև զուգահեռներ անցկացնելով` իր տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են ինքնասպանության մասին։ Տեղեկություններ կան, որ Կուտոյանի մարմնի մոտ գտել են ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ։

«Կատարվածն արտակարգ դեպք է Հայաստանի համար, քանի որ Կուտոյանը ԱԱԾ հասարակ աշխատակից չէր, այլ ժամանակին գլխավորել է կառույցը։ Սա արդեն երկրորղ բարձրաստիճան պաշտոնյան է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանից հետո, որը ինքնասպանություն է կատարել...»,–ասաց Բադալյանը։

Բացի դրանից, Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ևս մի բարձրաստիճան նախկին պաշտոնյա` նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան

Հնարավոր է` մեկը մյուսի հետևից երեք նախկին պաշտոնյաների մահն ընդամենը պատահականություն է, բայց դա, Բադալյանի խոսքով, չափազանց կասկածելի է։

«Կասկածելի է, որ գտնում են ուժային կառույցների ղեկավարների մարմինները։ Սպանություն է, թե ինքնասպանություն` պետք է պարզեն համապատասխան կառույցները։ Բայց դժվար է ասել` նրանք կարո՞ղ են պարզել` իսկապես դա ինքնասպանություն է, թե բեմականացված ինքնասպանություն»,–նշեց Բադալյանը։

«Սա վատ նշան է պետության համար». Լարիսա Ալավերդյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Պետք է հաշվի առնել, որ այդ ամենը տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի դեմ դատական գործընթացի ֆոնին, սակայն չի կարելի միանշանակ պնդել, որ բոլոր այդ իրադարձությունները փոխկապակցված են։

Այն հարցին, թե ում կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Տարբեր կողմերի` կապված հանգամանքներից»։

«Մի մոռացեք, որ Կուտոյանը զբաղեցրել է ԱԱԾ ղեկավարի պաշտոնը 2018թ–ի ապրիլ–մայիսի իրադարձությունների ժամանակ և լավ է իմացել, թե ինչպես է ընթացել այդ գործընթացը, ինչպես է երկրում փոխվել իշխանությունը»,–ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` օրինաչափ է, որ ներկա և նախկին իշխանությունների կողմնակիցները սկսել են մեղադրել միմյանց։ Հենց մահանում է բարձրաստիճան պաշտոնյա (ներկա կամ նախկին), թեման օգտագործվում է տարբեր կողմերի PR տեխնոլոգիաների համար։

Քաղաքագետի կարծիքով` իշխանությունները պետք է շահագրգռված լինեն այս գործը բացահայտելու մեջ։

«Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը». Մելիքյան