Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան

Վլադիմիր Պողոսյանի համար վերջին ամիսների ընթացքում ուժային կառույցների նախկին պաշտոնյաների մահվան երկրորդ դեպքը «պերեբոռ է»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ՀՀ հատուկ ծառայությունների վետերան, 90-ականների սկզբին հատուկ գործողությունների ղեկավար Վլադիմիր Պողոսյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը բազմաթիվ հարցեր է ծնում։

Նրա խոսքով` այժմ մահվան մի քանի վարկած է շրջանառվում, մասնավորապես` սպանություն և ինքնասպանություն, բայց Պողոսյանը հավանական է համարում նաև ինքնասպանության բեմադրված լինելը։ Ըստ Sputnik Արմենիայի զրուցակցի` Կուտոյանն այնպիսի մարդու տպավորություն չէր թողնում, որը կարող էր նման քայլի դիմել։

«Կարծում եմ` այստեղ ավելի խորն է պետք փորել։ Սերժ Սարգսյանի աշխատակազմում նա զբաղվում էր դատական համակարգի «համակարգմամբ»։ Չափից շատ բան գիտեր։ Չեմ բացառում նաև, որ մահը կարող է կապված լինել Բաղրամյան 26-ից արխիվային փաստաթղթերի անհետացման հետ։ Երևի հիշում եք, տեղեկություն է եղել, որ նախագահական նստավայրից արխիվային փաստաթղթեր են կորել», – ասաց նա։

Նշենք, որ սա վերջին ամիսների ընթացքում բարձրաստիճան սպաների մահվան արդեն երկրորդ դեպքն է։ 2019 թվականի սեպտեմբերին Բջնիի իր առանձնատանը մահացած էին հայտնաբերել ՀՀ ՆԳՆ նախկին պետ Հայկ Հարությունյանին։

«Սա վատ նշան է պետության համար». Լարիսա Ալավերդյանը` Գեորգի Կուտոյանի մահվան մասին

Պողոսյանը նման սպանությունների–ինքնասպանությունների շղթան «պերեբոռ» է անվանում։ Ընդհանրապես Կուտոյանի մահը ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավարների մահվան թվով երկրորդ դեպքն է։ 1993 թվականին սպանվել էր ՀՀ ԽՍՀ ՊԱԿ նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանը։ Պողոսյանը հիշում է, որ այդ աղմկահարույց պատմության մեջ ևս նյութեր կային` կապված արխիվային փաստաթղթերի հետ։

«Եթե խոսենք արխիվային փաստաթղթերի կորստի մասին, ապա ամենայն հավանականությամբ դա անմիջական կապ ունի նախկին իշխանությունների հետ։ Սակայն այս ամենը դեռ ենթադրությունների մակարդակում է», – ասաց հատուկ ծառայությունների վետերանը։

Հիշեցնենք` ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։

«Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է նրա կինը». Մելիքյան

Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին: Նրա պապը ժամանակին դպրոցի տնօրեն է աշխատել։ Կուտոյանին հենց պապի անունով են կոչել։ Տատն ու մայրը նույնպես մանկավարժներ են։ Իսկ հայրը` Կարեն Կուտոյանը, անվանի մանկաբարձ–գինեկոլոգ է, Քանաքեռ–Զեյթունի ծննդատան տնօրենը։

Գեորգի Կուտոյանը որևէ քրեական գործով չի հարցաքննվել. ՀՔԾ