Ձերբակալվել է դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության համար կասկածվող անձը

Դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանը սպանվել էր Տաշքենդում չորս օր առաջ։ Նրա մահը ցնցել էր մարդկանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Նարիման Գրիգորյանի ենթադրյալ մարդասպանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ուզբեկստանը` հղում անելով Տաշքենդի դատախազության մամուլի ծառայությանը։

«Անկրկնելի Նարիման Գրիգորյան». Ուզբեկստանում ցնցված են հայ դիզայների սպանությունից

Տղամարդուն, որի ինքնությունը չի բացահայտվում, դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել։

Սպանությունը տեղի է ունեցել Ուզբեկստանի մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։ Դիզայների դիակը, որի վրա բռնության հետքեր են եղել, հայտնաբերվել է բնակարանում։

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։