Բնակարանը, որտեղ հայտնաբերել են Գեորգի Կուտոյանի դին, նրանը չէ՞ր

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք է ստացել քունքի շրջանում, իսկ բնակարանի պատերին գնդակների բազում հետքեր են եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Բնակարանը, որտեղ այսօր հայտնաբերել են ԱԱԾ նախկին տնօրեն, 38–ամյա Գեորգի Կուտոյանի դին, պատկանել է աներոջը` Թաթուլ Բիշարյանին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հայտնեց հարևանը` Պարույր Սևակի փողոցում գտնվող «Երազ» թաղամասի շենքի բնակիչը։

Տղամարդն Sputnik Արմենիայի թղթակցից իմացավ, որ իրենց շենքում մահվան դեպք է եղել։

«Նրան (Գեորգի Կուտոյանին` խմբ.) անձամբ չեմ ճանաչել, ծանոթ էի միայն նրա աներոջ` Թաթուլ Բիշարյանի հետ։ Որքան ինձ է հայտնի, դա աներոջ բնակարանն էր», – ասաց հարևանը։

Կուտոյանի մահվան մասին տեղեկությունից հետո շենքի մոտ հավաքվել էին բազմաթիվ ԶԼՄ–ների ներկայացուցիչներ։ Դեպքի վայրում աշխատող իրավապահները լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ շենքի մուտքին, ավելին` նրանք նույնիսկ շենքի բնակիչներին թույլ չէին տալիս մտնել կայանատեղի։ Թեև շենքի բնակիչները, տեսնելով տեսախցիկներով և միկրոֆոններով մարդկանց ահռելի բազմությունը, փորձում էին արագ հեռանալ։

Կուտոյանը նման չէր մարդու, որն ինքնասպանության կգնար. հատուկ ծառայությունների վետերան

Շտապօգնության մեքենան, որն ավելի քան երկու ժամ կանգնած էր շենքի մոտ, Կուտոյանի մարմինը տարավ 17։30–ի սահմանում։ Դրանից հետո շենքից դուրս եկավ Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Հարգելի լրագրողներ, չգիտեմ, թե ինչ մեկնաբանություն կարելի է տալ նման դեպքում։ Զերծ եմ մնում գնահատականներից և մեկնաբանություններից», – ասաց նա ու հեռացավ։

Մի քանի րոպե անց դուրս եկավ նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա չկարողացավ զսպել հեկեկոցը։ ՍԴ ղեկավարը չմոտեցավ լրագրողներին, միանգամից նստեց մեքենան ու հեռացավ։

Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ Կուտոյանը մահացել է քունքի շրջանի հրազենայի վնասվածքի հետևանքով։ Մելիքյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։ Նրա խոսքով`դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ, որը պարգևատրման կարգով ստացած նրա զենքն է։ Այն Կուտոյանին է նվիրել Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարը։

Հրայր Թովմասյանը ողբում է Կուտոյանի մահը. լուսանկարներ` դեպքի վայրից

Մելիքյանը հայտնեց նաև, որ դեպքի վայրում եղել են բազմաթիվ պարկուճներ ու գնդակներ` երեք տասնյակից ավելի, իսկ պատերին կան վնասվածքներ։

Հիշեցնենք` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր` հունվարի 17–ին, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

«Մի մոռացեք, որ Կուտոյանը ԱԱԾ տնօրեն է եղել հեղափոխության ժամանակ...». քաղտեխնոլոգ