Կառավարության որդեգրած մոտեցման համաձայն՝ սոցիալական կարիքի գնահատումը և աջակցությունը հիմնված կլինեն ոչ թե քաղաքացու սպառման, այլ եկամտի չափի վրա: Այլ կերպ ասած՝ կառավարությունն իր առջև խնդիր է դնում ապահովել երաշխավորված նվազագույն եկամուտը։
Թադևոս Ավետիսյանի տեղեկացմամբ՝ նշված մոտեցումը նորություն չէ, սոցիալական քաղաքականության ընդհանուր հայեցակարգային փոփոխությունները վաղուց քննարկվում են և այդ ուղղությամբ քայլեր կատարվել են դեռ մինչև իշխանափոխությունը:
«Մասնավորապես հստակ ուրվագծված էր անապահովության գնահատման նոր մեթոդիկան: Հուշենք ներկա իշխանություններին, որ այն, ինչի մասին իրենք այսօր խոսում են հիմքերը, գործիքները ներդրված են վաղուց, և, ցավոք սրտի, այդ գործիքները հենց իրենք են ձախողում»,- նշում է տնտեսագետը:
Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ մեր երկրում անապահովության գնահատման համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ, որովհետև համակարգը հիմնված է ոչ թե ուղղակի եկամուտների գնահատման հենքի վրա, այլ ենթադրում է անուղղակի գնահատում, ինչն էլ իր հերթին ցույց է տալիս, որ օրինակ` ընտանիքի անապահովությունը գնահատելու համար հաշվի են առնվում բազմաթիվ անուղղակի գործոններ:
«Եկամուտների համատարած հայտարարագրման հարցում իշխանությունները դեռ ոչինչ չեն արել: Երբ չափում ես ընտանիքի համախառն եկամուտը և համեմատում նվազագույն զամբյուղի հետ, ու եթե այդ զամբյուղից մեկ շնչի հաշվով ավելի քիչ եկամուտ կա ընտանիքում, այն համարվում է աղքատ, իսկ եթե եկամուտն ավելին է, ապա տվյալ ընտանիքն այլևս աղքատ չէ»,- նշում է տնտեսագետը:
«Խելացի անասնատուն» անվանումն աբսուրդ է և զավեշտի է հասցնում գաղափարը. Հովհաննիսյան
Թադևոս Ավետիսյանի համոզմամբ՝ որպեսզի կարողանան ճիշտ գնահատում կատարել, պետք է ունենան երկրում եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտ, ինչը չկա, և այդ պարագայում խոսել, որ ներդրվելու է անապահովության գնահատման ուղղակի մեթոդը, իրատեսական չէ: Այն այսօր էլ չի աշխատի: Իշխանություններն, ըստ նրա, վերջերս նույն գնահատման մեթոդիկայում իրականացնում էին խնդրահարույց փոփոխություններ՝ ավելի ընդգծելով ու խորացնելով բացասական կողմերը: