Sputnik Արմենիայի հրապարակման հետքերով. ՀՔԾ–ն ճշտում է` ով է իրականացնում վարույթը

Երեխայի առևանգման ու վաճառքի մասին Sputnik Արմենիայի հրապարակումից ու դրա շուրջ բարձրացած աղմուկից հետո լրատվամիջոցը դիմել է ՀՀ քննչական մարմիններին` աղմկահարույց պատմության մանրամասները ճշտելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Քննչական կոմիտեն Sputnik Արմենիայի հրապարակման մեջ հիշատակված դեպքի քննության հետ ոչ մի կապ չունի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է հենց պատմության հերոսուհին։ Ազգային անվտանգության ծառայությունում ևս այդ պատմության մասին տեղեկություն չունեն։

Մեր զրուցակցի հայտնած տեղեկություններով` գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում։ Բայց այդ քննչական մարմնում մեր այդ հարցին առայժմ հստակ պատասխան չեն տվել` ասելով, որ ճշտում են` գործն իրե՞նց վարույթում է, թե՞ ոչ։

Հաշվի առնելով մեր նախորդ հրապարակումը ու իրավապահների հետ ունեցած մեր շփումների արդյունքում ծագած որոշ հարցեր` դարձյալ զրուցեցինք հոդվածի հերոսուհու հետ։

Նա որոշ լրացուցիչ տեղեկություններ ևս հայտնեց, որի ձայնագրությունն առկա է։ Բայց այս պահին ձեռնպահ ենք մնում այն հրապարակելուց` հարգելով մեր զրուցակցուհու` իր անձը չբացահայտելու խնդրանքը։

Էթիկական նկատառումներից ու մեր հերոսուհուն չվնասելու կարևորությունից ելնելով, քանի որ նա այժմ հղի է, Sputnik Արմենիան ներկա պահին ձեռնպահ է մնում լրացուցիչ տեղեկատվություն հրապարակելուց։

Այդուհանդերձ, շարունակում ենք աշխատել այդ գործում ներգրավված բոլոր անձանց հետ ու մանրամասների բացահայտման ուղղությամբ։ Հուսով ենք, որ առաջիկայում առիթ կունենանք դրանք ևս ներկայացնել հանրությանը։ 

Հիշեցնենք` ապօրինի որդեգրումների մասին Sputnik Արմենիային տրամադրած մի պատմության համաձայն` ծնողներին հայտնել են, որ երեխան մահացել է։ Ավելի ուշ պարզվել էր, որ նա ողջ է։

Երեխայի մայրը Sputnik Արմենիային հայտնել էր, որ իրենց ասել են, որ երեխան Բելգիայից Հայաստան է բերվել։ Ծնողներն այժմ սպասում են թղթաբանական հարցերի ավարտին, որից հետո իրենց վստահեցրել են` երեխան կվերադառնա ընտանիք, որից ապօրինի բաժանվել է յոթ տարի առաջ։