Բացառում ենք, որ երեխան ողջ է. Մարգարյան հիվանդանոցի տնօրենը` ապօրինի որդեգրման մասին

Մարգարյան հիվանդանոցն արձագանքել է Sputnik Արմենիայի` երեխայի առևանգման ու վաճառքի մասին հոդվածին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը բացառում է, որ Sputnik Արմենիայի հետ զրուցած կնոջ երեխան, որին, կնոջ խոսքով, ապօրինի որդեգրել են, ողջ է։

Երեխաների ապօրինի որդեգրումը բացառելու համար բուժաշխատողների հետ կրթական ծրագիր կանցկացվի

Ապօրինի որդեգրումների մասին Sputnik Արմենիային  տրամադրած մի պատմության համաձայն` ծնողներին հայտնել են, որ երեխան մահացել է։ Ավելի ուշ պարզվել էր, որ նա ողջ է։ Երեխայի մայրը հայտնել էր, որ իրենց ասել են` երեխան Բելգիայից Հայաստան է բերվել։ Ծնողներն այժմ սպասում են թղթաբանական հարցերի ավարտին, որից հետո իրենց վստահեցրել են` 7 տարի առաջ ընտանիքն ապօրինի լքած երեխան կվերադառնա ծնողների մոտ։

«Բացառում ենք, որ երեխան ողջ է, տեղափոխվել և վիրահատվել է Բելգիայում, այժմ Երևանում է, անցել է ԴՆԹ թեսթավորում և  սպասվում է հանդիպում «կենսաբանական ծնողի՝ Ալինայի (անունը փոխված է) հետ»,–նշված է Օկոևի պատասխանի մեջ։

Միաժամանակ, ԲԿ–ից հայտնում են, որ հոդվածը հրապարակելուց հետո կատարել են ներքին ուսումնասիրություն և հայտնաբերել երեխայի ծնունդի մեկ դեպք, որը կարող է համապատասխանել հոդվածում նշված երեխայի ծննդի տվյալներին (թեև հոդվածում նշված երեխայի քաշը չի համապատասխանում տվյալներին)։

Միաժամանակ հայտնում են, որ եթե ենթադրենք, որ Sputnik Արմենիայի հոդվածում նշված դեպքը համապատասխանում է ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված դեպքին, ապա ծննդկանը Մարգարյան ծննդատուն է ընդունվել 2012թ. դեկտեմբերին` հղիություն 33-34 շաբաթում և խնդիրներով։ Մասնավորապես, ծննդկանի մոտ եղել է բարդացած մանկաբարձական, գինեկոլոգիական անամնեզ, պտղի ներարգանդային աճի դանդաղեցում. եղել է նաև վաղաժամ ծննդաբերության սպառնալիք։

Դեկտեմբերի 23-ին, 00:10–ին արտահոսել են կնոջ պտղաջրերը, և նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է կեսարյան հատում։ Ժամը 01:10-ին ծնվել է արական սեռի 1780գ. քաշով, 41սմ հասակով, անհաս պտուղ։ Երեխայի վիճակը, ըստ Ապգարի սանդղակի, գնահատվել է 6-6բալ (Ապգարի սանդղակի համաձայն` նորմալ է համարվում 8-8 և ավելին չափանիշը, և երեխային գնահատում են` հաշվի առնելով նրա շնչառությունը, սրտի աշխատանքը, մաշկի գույնը, ակտիվությունը և մկանային գործունեության աստիճանին)։

Երեխային տրվել է ծննդյան վկայական, որտեղ հստակ նշված են երեխայի և կենսաբանական ծնողների անուն, ազգանուն, հայրանունները:

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը որոշում կայացրեց

«Երեխայի վիճակը ծնվելուց հետո նեոնատոլոգները նրա վիճակը գնահատել են ծանր, և նորածինը անմիջապես տեղափոխվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ սկսվել է սարքերի միջոցով շնչառության օժանդակություն: Նորածնի վիճակը շարունակել է մնալ ծանր, և 2013թ. հունվարի 10-ին ծննդատուն է հրավիրվել սրտաբան, որն ախտորոշել է սրտի բնածին ծանր արատ։ Երեխայի բնածին արատը, նրա ծանր վիճակով պայմանավորված, ենթակա չի եղել վիրահատական միջամտության»,–հայտնում է պրոֆեսոր Օկոևը։

Նա տեղեկացնում է նաև, որ կատարվել է բժշկա-գենետիկական հետազոտություն, որի արդյունքներով` երեխայի մոտ հաստատվել է Էդվարդսի համախտանիշը: Այս համախտանիշի դեպքում երեխաների կեսը մահանում են կյանքի առաջին շաբաթում, նրանց կյանքի միջին տևողությունը 14-15օր է: Վերոհիշյալ համախտանիշով երեխաներից քչերն են ապրում մինչև մեկ տարեկան, իսկ կենդանի մնացածները տառապում են խորը մտավոր հետամնացությամբ:

Օտարների դեպքում կապը կտրվում է. ի՞նչ կփոխվի հայ երեխաների որդեգրման գործընթացում

Մարգարյանում ծնված երեխայի վիճակը գնալով վատացել է, 2013թ-ի հունվարի 14-ին ժամը 00:10-ին գրանցվել է նորածնի կենսաբանական մահը: Դին ուղարկվել է պաթանատոմիական հերձման, որը հաստատել է նորածնի մոտ սրտի բնածին ծանր արատի առկայությունը:

Իսկ երեխայի մոր հետվիրահատական շրջանն ընթացել է առանց բարդությունների և հետվիրահատական երրորդ օրը մայրը տեղափոխվել է նորածինների խնամքի երկրորդ էտապի բաժանմունք: Այնտեղ գտնվող բոլոր մայրերի նման Ալինան ևս օրվա ընթացքում բազմիցս այցելել է իր նորածնին կերակրման նպատակով` ամենաքիչը երեք ժամը մեկ։ Մայրը մշտապես ականատես է եղել նորածնի բուժմանը և խնամքին, ինչպես նաև նորածնի վիճակի հարաճուն վատացմանը:

Ռազմիկ Աբրահամյանին կրկին կկալանավորե՞ն

«Վերը նշված գործողությունները կատարելու ընթացքում մեր անձնակազմը որևէ բժշկական սխալ թույլ չի տրվել։ Բոլոր գործողությունները կատարվել են ըստ ընդունված մասնագիտական ստանդարտների»,–վստահեցնում է Օկոևը։

Հիշեցնենք, որ մեր զրուցակցի` երեխայի մոր հայտնած տեղեկություններով` գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում։ Բայց այդ քննչական մարմնում մեր այդ հարցին առայժմ հստակ պատասխան չեն տվել` ասելով, որ ճշտում են` գործն իրե՞նց վարույթում է, թե՞ ոչ։