ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտնեց, որ առայժմ գազի թանկացման մասին տեղեկություն չկա։
Հայտնել էինք, որ «Գազպրոմ Արմենիան» չի բացառում` գազի սակագինն առաջիկայում կարող է վերանայվել։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ընկերությունը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու հարցը։
«Որևէ նոր ինֆորմացիա չկա։ Կարող եմ ասել այն, ինչ հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` գազի գնի հետ կապված այժմ քննարկումներ են գնում»,–ասաց Սիմոյանը։
Նրա խոսքով` գազի սակագնի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկությունները դեռևս նույնն են։
Գազի արտահոսք Մաստարայում. անչափահաս տղաներին և նրանց ծնողներին տեղափոխել են հիվանդանոց
Հիշեցնենք` 2019թ. վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ 2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019թ. մակարդակում:
Այս պահին ՀՀ սահմանին 1000 խմ գազի սակագինը 165 դոլար է։
Գազի գինը չի՞ բարձրանա. կառավարությունն առաջարկում է փոփոխել գազի պայմանագիրը
2019թ. հունվարի 1-ին գազի 1000 խմ–ը սահմանին արժեր 150 դոլար։ Թերևա սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է բարձրացնել նաև սպառողներին մատակարարվող գազի գինը։
Նշենք, որ գազը սպառողին է հասնում գրեթե 290 դոլարով (1000 խմ):