«Արմաթ» ծրագրի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում Հայաստանի, Արցախի ու Ջավախքի թվով 575 հանրակրթական դպրոցներում տեղակայվել են ինժեներական լաբորատորիաներ: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Կառավարությունն ու մենք համակարծիք էինք, որ բոլոր դպրոցներում պետք է դրվեն «Արմաթ» լաբորատորիաներ: Երբ հուլիսի 4-ին կառավարությունում քննարկվում էր մնացած 284 լաբորատորիաների հարցը, նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ 2020 թվականին ևս 650 լաբորատորիաներ կներդրվեն դպրոցներում ու ծրագիրն այդքանով կավարտվի: Կառավարությունն իր հաշվետվությունների մեջ անընդհատ իրավացիորեն նշում էր, որ դա կարևոր ձեռքբերում է, ինչը թույլ կտա Հայաստանը վերականգնել որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը:
Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ թեև «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները ոգևորված խոսում էին ծրագրի մասին, բայց երբ ԱԺ-ում բյուջետային քննարկումներն ավարտվեցին, պարզվեց, որ «Արմաթ» ծրագիրը չի ընդգրկվել բյուջեում:
«Մի շարք հանգամանքներ համադրելով՝ մենք հասկացանք, որ իրականում «Արմաթի» նկատմամբ ԿԳՄՍ նախարարությունում կա սաբոտաժ: Մասնավորապես, մայիսին, երբ ներկայացնում էինք ծրագիրը 2019-20թթ համար, այն իր մեջ ներառում էր ոչ միայն լաբորատորիաների հարցը, այլև դասատուների վերապատրաստումները, ընդհանուր ծրագրի կառավարումը, մրցույթները, այդ թվում` անօդաչու սարքերի մրցույթը, միջազգային հայկական բրենդի ներքո կայանալիք մրցույթը և այլն: Այսինքն` խնդիրները ներկայացված էին ընդհանուր կոմպլեքսով»,- նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրենը:
«Արմաթի» խմբակավարներն աշխատավարձ կստանան. Կառավարությունը գումարը փոխանցեց
Ըստ նրա՝ երբ ծրագիրը կառավարությունից մտավ ԿԳՄՍ նախարարություն, ի վերջո ընդունվեց միայն սարքավորումների գումարը: Այդուհանդերձ, մատակարարները հասցրին երկու ամսում ներկրել բոլոր անհրաժեշտ նյութերը, պատրաստել հաստոցները, ռոբոտները, ինչպես նաև դրանք տեղադրել ու իրականացնել բացումները:
Կարեն Վարդանյանի դիտարկմամբ՝ կա ծրագրի զարգացման երկու սցենար: Նա կարծում է, որ նախարար Արայիկ Հարությունյանը հավանաբար փնտրում է նոր գործընկերներ և այդ պատճառով էլ իրենց մի կողմ են թողել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ «Արմաթ» ծրագրի նկատմամբ իրականացվում է սաբոտաժ:
«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան