«ՌԴ կառավարության փոփոխությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա չի ազդի». Մնացականյան

ԱԳ նախարարը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների հիմքերը բավական ամուր են, ու դրանք կշարունակվեն այնպես, ինչպես մինչև հիմա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ռուսաստանի կառավարության փոփոխությունը հայ-ռուսական հարաբերությունների վրա չի ազդի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով ՌԴ-ում տեղի ունեցող փոփոխություններին։

Պուտինը հայտնել է` Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի համալիր կստեղծվի

«Հայ-ռուսական հարաբերություններն ունեն բավական ամուր հիմք և բավական հարուստ օրակարգ, և այդ ձևաչափի մեջ մեր աշխատանքները շատ ակտիվ ու շատ էֆեկտիվ են» ,– ասաց ԱԳ նախարարը` համոզմունք հայտնելով, որ ռուս գործընկերների հետ աշխատանքը կշարունակվի այնպես, ինչպես եղել է մինչև հիմա։

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Հունվարի 16-ին ՌԴ Պետական դուման 383 կողմ ու ոչ մի դեմ ձայներով հաստատեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում։