Պուտինը ստորագրեց Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանագիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է Դմիտրի Մեդվեդևին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետ նշանակելու հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 83-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Միշուստին Միխայիլ Վլադիմիրովիչին նշանակել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ»,– նշված է հրամանագրում, որն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Պուտինը նաև մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։

«Մեդվեդևին նշանակել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ՝ նրան ազատելով Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պարտականություններից»,– գրված է փաստաթղթում:

Պուտինը հայտնել է` Երկրորդ աշխարհամարտի վերաբերյալ արխիվային փաստաթղթերի համալիր կստեղծվի

Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:

ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։

Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Պետդուման այսօր հաստատել է նրա թեկնածությունը։