ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՌԴ Պետական դուման քիչ առաջ հաստատեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը ՌԴ վարչապետի պաշտոնում` այդ կերպ հաստատելով ՌԴ նախագահի առաջարկը։
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին 383 պատգամավոր ձեռնպահ` 41, դեմ`0։
Հիշեցնենք` հունվարի 15-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։
Նույն օրը Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել էր Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: