Հին ու նոր անուններ. ո՞վ կարող է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին վաղուց են հարկավոր նոր ֆուտբոլիստներ: Այդ ուղղությամբ աշխատում են ՀՖՖ համապատասխան բաժնում: Աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ֆուտբոլիստները մեծամասամբ ուզում են խաղալ եռագույնի ներքո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին, որ 32-ամյա ուրուգվայահայ Խոակին Բոգոսյանը փոխել է ակումբային իր գրանցումը և հանդես է գալու Ուրուգվայի «Ատլետիկո Սերո» թիմում, իսկ 20-ամյա Նաիր Տիկնիզյանը կարող է հեռանալ Մոսկվայի ԲԿՄԱ-ից: Այս երկու ֆուտբոլիստներից ու՞մ կարելի է սպասել Հայաստանի հավաքականում:

Ինչ կտա ազգային հավաքականին Արամ Հայրապետյանի տեղափոխությունը Իրան. Բերեզովսկու կարծիքը

Խոակին Բոգոսյանի հետ կապված կարծես թե հարցի պատասխանը կա: Մեկ անգամ չէ, որ Բոգոսյանին հավաքական հրավիրելու հարցը և՛ քննարկվել է, և՛ ընդունվել է: Բայց ժամանակին Ուրուգվայի  երիտասարդական հավաքականում մի քանի խաղ անցկացրած ուրուգվահայ ֆուտբոլիստը, հույսեր ուներ, որ հրավեր կստանա Ուրուգվայի ազգային հավաքականից, ու Հայաստանից հրավերին պատասխանում էր լռությամբ:

«Ամեն մարդու շապիկն իր մարմնին մոտ է»: Ահա այս տարբերակով առաջնորդվելով` Բոգոսյանը մտածում էր իր ապագայի մասին: Նույնիսկ տեսահոլովակները, որոնք հորդորում էին նրան ժամանել Հայաստան ու խաղալ պատմական հայրենիքի հավաքականում, նշանակություն չունեցան: Եղավ նաև մի զավեշտալի դրվագ, երբ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հավաքական ժամանելու փոխարեն Բոգոսյանը գնացել է զոքանչի ծնունդը տոնելու: Վերաբերմունքը պարզ էր: Հայազգի ֆուտբոլիստը չէր դիտարկում Հայաստանի ազգային հավաքականում խաղալու տարբերակը:

Բրազիլացու հայկական հետքը. ինչպես էր Պիզելին հայերեն թարգմանում հայերի համար

Հարավային Ամերիկայից-Եվրոպա տեղափոխվելով («Ռեդ Բուլ», «Սերկլ Բրյուգե» թիմեր)` Բոգոսյանը հաջողություններ չունեցավ: Հիմա արդեն 32 տարեկան է, և դժվար է պատկերացնել, որ մեր հավաքականի մարզիչը, ով էլ որ լինի, կդիտարկի նրա թեկնածությունը հավաքականում խաղալու համար: Չնայած`երբեք, մի ասա երբեք:

Իսկ ահա հայազգի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Նաիր Տիկնիզյանը շատ հավանական է, որ խաղա Հայաստանի ազգային հավաքականում: Հասկանալի է` անմիջապես հարց է առաջանում` ինչպե՞ս և ինչո՞ւ:

Հայ ֆուտբոլիստները յուրայիններ են դարձել Ղազախստանում

Նաիր Տիկնիզյանը նախ և առաջ ֆուտբոլային շատ լավ դպրոց է անցել: Մոսկվայի բանակայինների կազմում երկու մրցաշրջան հանդես է եկել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարում, վերջապես խաղացել ԲԿՄԱ-ի կազմում (ճիշտ է` միայն փոխարինումների դուրս գալով): Տիկնիզյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, և ինչպես և Բոգոսյանը կարող է մտածել իր երկրի ազգային հավաքականի մասին (տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի մասին է): Բայց Ռուսաստանի հավաքականի կազմում տեղ գտնելու համար մրցակցությունը շատ բարձր է: Մեղմ ասած` չես համեմատի Հայաստանի հետ:

Ներկա դրությամբ Տիկնիզյանն իր կարիերան շարունակելու համար մի քանի առաջարկ ունի ռուսական տարբեր ակումբներից: ԲԿՄԱ-ն չի դիտարկում նրա տրանսֆերը, բացի այդ transfermarkt հայտնի կայքում նրա տրանսֆերը բավականին թանկ է գնահատվում՝ 350 հազար եվրո:

Երեք նոր մարզիչ` Ռուսաստանից Հայաստան. ինչ կտա հայկական ֆուտբոլին այս փոփոխությունը

Մնում է միայն ժամանակի ընթացքում հասկանալ` արդյո՞ք կուզի նա խաղալ Հայաստանի հավաքականի կազմում, եթե հրավեր լինի: Հայ ֆուտբոլիստը դեռ 20 տարեկան է, բայց միգուցե նա հենց այն տարբերակն է, որի մասին խոսում էին Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները` նշելով, որ մեր ընտրանուն նոր արյուն է հարկավոր: