ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Միխայիլ Միշուստինի հետ և նրան առաջարկել է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը: Համաձայնություն ստանալուց հետո Միշուստինի թեկնածությունը ներկայացվել է Պետդումայի քննարկմանը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Վլադիմիր Պուտինի` Դաշնային ժողովին հղած ուղերձից հետո հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
ՌԴ նախագահը շնորհակալություն Էր հայտնել Դմիտրի Մեդվեդևի կառավարությանը աշխատանքի համար և խնդրել նախարարների կաբինետին պարտականությունները կատարել ամբողջ ծավալով, մինչև նոր կաբինետի ձևավորումը։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր Անվտանգության խորհրդի փոխնախագահի պաշտոն ստեղծելու և այդ պաշտոնը Դմիտրի Մեդվեդևին առաջարկելու մտադրության մասին։