Իրանում Boeing–ին երկու հրթիռով են հարվածել. New York Times–ը տեսանյութ է հրապարակել

Ենթադրաբար, սկզբում ինքնաթիռի վրա մեկ հրթիռ են արձակել, իսկ 30 վայրկյան անց երկրորդ հարվածն է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. New York Times թերթը տեսանյութ է հրապարակել, որում, ինչպես պնդում են, արձանագրված է այն պահը, երբ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing 737-800–ին երկու հրթիռ են հարվածում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դատելով կադրերից` սկզբում մեկ հրթիռ են արձակում ինքնաթիռի վրա, իսկ 30 վայրկյան անց արձակվում է երկրորդը, ինչից հետո ինքնաթիռը դեռ մոտ մեկ րոպե օդում է մնում, հետո հրդեհվում է ու սկսում ընկնել։

ԶԼՄ–ները պարզել են, որ տեսանյութը YouTube–ում է հրապարակվել հունվարի լույս 14–ի գիշերը, այն հրապարակել է օգտատերը Իրանից։ Տեսանյութը նկարահանվել է Թեհրանի մոտակայքում գտնվող Բիդկան գյուղից ոչ շատ հեռու գտնվող շենքի տանիքում տեղադրված տեսախցիկով։

Իրանում կործանված Boeing-737 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ

Ռոհանին խոստացել է դատի տալ Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորներին

Ավելի ուշ «Ռեյթերը», հղում անելով իրանական Fars գործակալությանը, հայտնել է, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) ձերբակալել է տեսանյութի հեղինակին։ Իշխանությունը խոստացել է քննություն անցկացնել ու հրապարակել արդյունքները։

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Հունվարի 11–ին Իրանի ԶՈւ գլխավոր շտաբը խոստովանել է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել մարդկային սխալի պատճառով։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:

Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին