Հայտնի է` երբ կսկսի գործել Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմը

Հայաստանի ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր ունեցողների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. 2020թ. հունվարի 19-ից Հայաստանի և Չինաստանի միջև կսկսի գործել առանց վիզայի ռեժիմ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հունվարի 19–ից ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:

Արմեն Սարգսյանը ստորագրել է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման մասին օրենքը

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից (անձնագիրը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վավերականություն) մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:

Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մտադիր են մուտք գործել և գտնվել միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների և կարգավորումների:

ԱԺ–ն միաձայն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման մասին օրինագիծը

2019թ. մարտի 3-ից Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջև գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների և 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար: