Վանեցյանի ակտիվությունն ու բարեփոխումներն ԱԱԾ–ում. ինչո՞ւ իշխանությունը պետք է շտապի

Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարի քաղաքական ակտիվությունը վերջին շրջանում նկատում են բոլորը։ Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. ՀՀ իշխանությունն ուշացնում է ուժային մարմիններում բարեփոխումներ անցկացնելու հարցը, ժամանակը երկրի ղեկավարության դեմ է աշխատում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց անվտանգության հարցերի փորձագետ Վլադիմիր Պողոսյանը։

Փորձագետը, որ դեր է ունեցել անկախ Հայաստանի անվտանգության ծառայությունների ստեղծման գործում, համոզված է՝ ուժային մարմիններում ապագա բարեփոխումներին ուղղված որոշակի դիմադրություն կա։  Խոսքը բացառապես Ազգային անվտանգության ծառայության մասին է։

Սուրենյանց. «Վարչապետն ու իր ընտանիքը Վանեցյանին դարձրին հեղափոխության Ռոբին Հուդ»

Նրա կարծիքով` երբ վարչապետը հայտարարեց ԱԱԾ–ի կառուցվածքային փոփոխությունների մասին, այնտեղ սկսեցին «հարվածային» տեմպերով աշխատել։  Նա նույն շղթայի օղակներ է համարում ներդրողների պաշտպանության ստորաբաժանման ստեղծումը և  «Դիանա Հարությունյան» կեղծ էջի (որտեղ տեղեկություն էր տարածվել՝ իբր Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը զուգահեռ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին) հեղինակի ձերբակալումը։

«ԱԱԾ–ում ձևացնում են, թե աշխատում են` փորձելով խուսափել կառուցվածքային բարեփոխումներից։ Ակնհայտ է, որ ԱԱԾ-ում չեն ցանկանում սեփական արտոնությունները կիսել այլ գերատեսչությունների հետ», – ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` կեղծ հաղորդագրությունը ազգային անվտանգության համար որևէ սպառնալիք չէր ներկայացնում։ Իրանցիները լուրջ մարդիկ են, նրանք ՀՀ կառավարության հետ շփման իրենց ալիքներն ունեն և պարզապես չէին կարող կուլ տալ այդ խայծը:

«Այլ հարց է, որ «գրասենյակից» ՀՀ վարչապետին համոզել են, որ դա ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է, սկանդալը ուռճացրել են` որոշելով ինքնագովազդ անել կեղծ օգտատիրոջը ձերբակալելու հաշվին», – նշեց Պողոսյանը։

Ինչ է քննարկվել «Իմ քայլի» փակ նիստում. Իգիթյանը խոսել է նաև Վանեցյանի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ըստ նրա, միշտ առանձին «պետություն է եղել պետության մեջ», հրեշ-կառույց, որը միավորում է գրեթե բոլոր ուժային գործառույթները։  ԱԱԾ–ն այսօր որոշակի մասնատման կարիք ունի։ Հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, պետական սահմանների պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքար. այս բոլոր գործառույթները չպետք է պատկանեն մեկ մարմնի, քանի որ խախտվում է զսպումների և հակակշիռների համակարգը։

«Երբ լսում ենք կոռուպցիայի դեմ նրանց մոլի պայքարի մասին, ապա նման «աշխուժությունը» տարակուսանք է առաջացնում։ Իսկ ո՞ւր էին նրանք նախորդ իշխանությունների օրոք, ինչո՞ւ այն ժամանակ չէին պայքարում կոռուպցիայի դեմ։ Ինչո՞ւ այս բոլոր աղմկահարույց բացահայտումները միայն այսօր հնարավոր դարձան», – հարց է տալիս մեր զրուցակիցը։

Պողոսյանն ի սկզբանե չի ողջունել Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակելու գաղափարը։  Նրա համար ակնհայտ է եղել, որ Վանեցյանը քաղաքական հավակնություններ ունի. երբ ԱԱԾ ղեկավարը պարբերաբար հայտնվում է հեռուստացույցի էկրանին, վատ նշան է։

«Twitter–ում ԱԱԾ նախկին տնօրենի ակտիվությունը, նրա քաղաքական հայտարարությունները վկայում են, որ առաջիկայում Վանեցյանն առաջատար ընդդիմադիր կդառնա»,- ասում է Պողոսյանը։

Ավելին, Վանեցյանը կարող է իր հետ «տանել» ԱԱԾ իր համախոհներին, իրեն հավատարիմ մարդկանց։ Այսօր էլ, հաշվի առնելով Վանեցյանի հին կապերը ԱԱԾ-ում, Պողոսյանը չի բացառում, որ Փաշինյանի բարեփոխումների դեմ որոշակի դիմադրություն կլինի։

Կենցաղային խոսակցություն է. Արարատ Միրզոյանը` Փաշինյան–Վանեցյան ընտանիքների բանավեճի մասին

Փորձագետի կարծիքով՝ միակ ելքն այն կլինի, որ ԱԱԾ-ի իրավասությունների շրջանակից հանեն որոշ գործառույթներ` կոռուպցիայի դեմ պայքարը և արտաքին հետախուզությունը։ Ըստ նրա՝ ԱԱԾ–ն պետք է զբաղի հակահետախուզությամբ, ահաբեկչության դեմ պայքարով ու սահմանադրական կարգի պաշտպանությամբ։