«Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինա՞կ». սկանդալ` նախարարի և Կարեն Վարդանյանի միջև

Կարեն Վարդանյանը մեղադրում է ԿԳՄՍ նախարարությանը` «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը դադարեցնելու համար, նախարարը պատասխանում է մեղադրանքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (UATE) միջև սկանդալ է հասունացել` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թեմայով:

«Լրատվական» ռադիոյի եթերում ԱՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարել է, որ ԿԳՄՍ–ն դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը:

«Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն աշխատավարձ չեն ստանում. նամակ վարչապետին

«Կառավարության հաշվետվության մեջ դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների զարգացումը նշվում է որպես ձեռքբերում։ Նպատակ է դրվում ստեղծել միջազգային մակարդակի սեփական կրթական ծրագրեր ու տարածել դրանք, ինչով էլ զբաղվել ենք», - ասել է Վարդանյանը:

Ի դեպ, 2019 թվականին «Արմաթ» լաբորատորիաներով համալրվել են Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր դպրոցները, ամեն խմբակում սովորում են 33–ից ավելի աշակերտ: ԱԺ-ում կառավարող ուժի պատգամավորները նշում էին, որ 2020 թվականին Հայաստանի բոլոր դպրոցները կհամալրվեն «Արմաթ»-ներով և Հայաստանը կդառնա առաջին և միակ երկիրը, որն ինժեներական կրթությունը սկսում է դպրոցից:

Վարդանյան. «Մենք պատերազմող երկիր ենք և ՏՏ ոլորտի անվտանգության խնդիր ունենք»

«Բայց ի՞նչ կատարվեց իրականում. ԿԳՄՍ նախարարությունը դադարեցրեց «Արմաթ» լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը: Սա, թերևս, վարչապետ Փաշինյանի ասած սաբոտաժի դասական օրինակն է»,–ասել է Վարդանյանը:

Այս հաղորդմանը Facebook-ի իր էջում պատասխանել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մեր քաղաքը կդառնա այնպիսին, ինչպիսին կար». Չարենցավանում նոր «խելացի» համակարգ են ստեղծել

«Այսպիսի հայտարարություն է անում մի մարդ, որի կազմակերպությունն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար, ով իր լավագույն երազում չէր տեսնի լաբորատորիաների թվի կրկնապատկում ընդամենը չորս ամսում»,–գրել է նախարարը` նշելով, որ նման պահվածքը ընկերությանն անվստահելի գործընկեր է դարձնում:

Նա վստահեցրել է, որ ԿԳՄՍՆ հավատարիմ է Հայաստանի բոլոր դպրոցներն ինժեներական լաբորատորիաներով հագեցնելու իր հանձնառությանը` կլինի դա ԱՏՁՄ-ի, թե այլ կազմակերպության հետ:

Panorama.am-ի հետ զրույցում Կարեն Վարդանյանը պատասխանել է Արայիկ Հարությունյանին` նշելով, որ  800 մլն դրամը ստացել են ոչ թե վեց աշխատանքային օր առաջ, այլ մի քանի ամիս առաջ՝ 284 լաբորատորիա հիմնելու համար։ «Հնարավոր է՝ այդ գումարից մի փոքր մաս մնացել է, իսկ վեց օր առաջ վերջին փոխանցումն են արել»,–ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ բյուջեում չկա մի տող, որ այս տարի  լաբորատորիաներ են ստեղծվելու։ԱՏՁՄ գործադիր տնօրենը նշել է, որ 2020 թ-ին ինժեներական լաբորատորիաների 671 միլիոն դրամ բյուջեն վերաբերում է 2019 թ-ին ստեղծված լաբորատորիաների համար նախատեսված աշխատավարձին։