Եղվարդի ծննդատունը չի՞ փակվի. նախարարի հետ բանակցություններ են տարվում

Առողջապահության նախարարությունը տարեկան 100-ից բարձր ծնունդ ունեցող ծննդատների հետ նույնպես բանակցում է՝ դրանց լուծարման-չլուծարման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Եղվարդի ծննդատան հետագա աշխատել-չաշխատելու խնդրով այս պահին բանակցություններ են տարվում. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մի շարք ծննդատների լուծարման թեմային:

Արդեն հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում. տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունողները կփակվեն։ Փակվող ծննդատների շարքում են Մարալիկի, Աչաջրի, Արտեմիսի, Ծաղկահովիտի, Արծվաբերդի, Քաջարանի և Եղվարդի ծննդատները։ Մարալիկի և Եղվարդի աշխատակիցներն այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում։

Ծննդատների խոշորացումից տարիներ անց մահվան դեպքերը կնվազեն. ով է շահելու փոփոխությունից

«Եղվարդի ծննդատունը լուծարման ենթակա միակ ծննդատունն է, որը չունի թերություններ մյուս մասերով՝ կադրերի, սարքավորումների: Ավելին, Եղվարդի ծննդատանը նախորդ տարի 136 ծնունդ է գրանցվել, որը շատ մոտ է ցանկալի արդյունքին: Հիմա քննարկում ենք՝ արդյո՞ք չպետք է այդ ծննդատանը ինչ-որ ժամանակով նորից հնարավորություն տանք»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մյուս վեց ծննդատների մասով, որոնք չեն համապատասխանել մասնագետների մշակած չափանիշներին, նույնպես բանակցություններ են վարվում: Խոսքը, մասնավորապես, տարեկան 100-ից բարձր ծնունդ ունեցողների մասին է:

«Մարալիկի ծննդատան փակումն իմ անձնական որոշումը չէ». Արսեն Թորոսյան

Հարցին, թե 7 ծննդատներից քանիսը կփակվեն, նախարարը պատասխանեց, որ հստակ որոշում դեռ չկա:

Հիշեցնենք, որ Եղվարդի ծննդատան բողոքի ակցիա իրականացրած բուժաշխատողները նշում էին, որ իրենց ծննդատան պայմանները բարվոք են, կա տաք և սառը ջուր, ջեռուցում, շենքը վերանորոգված է և համարվում է 1-ին մակարդակի ծննդատուն։ Նրանց համոզմամբ` առանց հանրային քննարկումների` նման որոշումներ չի կարելի կայացնել։

Մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալված է

Եղվարդի ծննդատունը 2019 թվականին ունեցել է 136 ծնունդ, մինչդեռ առողջապահության նախարարը հրահանգել է փակել 150–ից պակաս ծնունդ ընդունած ծննդատները։