Ադրբեջանցի երգիչը Ռուզան Մանթաշյանի վերաբերյալ հայտարարություն է արել

Ադրբեջանցի երգիչը վստահեցնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հստակ կարծիքն ունի, բայց երգչուհու հետ կապված մեղադրանքները ճիշտ չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը վստահեցնում է, որ սուտ են բոլոր այն մեղադրանքները, թե ինքը հրաժարվել է հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ հանդես գալ նույն բեմում։ Երգիչն այս մասին գրել է Instagram-ի իր էջում։

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել. տեսանյութը բարկացրել է ադրբեջանցիներին

Հայ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանն այսօր գրառում էր արել Faecbook–ում` նշելով, որ  Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով վերջինիս հայ լինելը:

Էյվազովը մոտ մեկ ժամ առաջ հրապարակել է SemperOperaball–ի տարածած հաղորդագրությունը, ըստ որի` կազմակերպիչները հերքում են մեղադրանքները, թե երգչուհի Ռուզան Մանթաշյանը 2020 թվականի փետրվարի 7-ին 15-րդ SemperOperaball-ում ելույթ չի ունենալու ազգության պատճառով։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Օպերային թատրոնն ընդհանրապես պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին SemperOperaball-ում ելույթ ունենալու համար։

Էյվազովն իր հերթին ավելացրել է, որ հստակ կարծիք ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց իր քաղաքական հայացքները երբեք չեն շոշափում իր մասնագիտությունն ու բեմի գործընկերներին: