«Անկրկնելի Նարիման Գրիգորյան». Ուզբեկստանում ցնցված են հայ դիզայների սպանությունից

Հայտնի դիզայներ և խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանի մարմինը հայտնաբերվել է հունվարի 14-ի գիշերը։ Դեպքի քննությամբ զբաղվում է Ուզբեկստանի քաղաքային դատախազությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայկական ծագումով ուզբեկստանցի դիզայներ ու պարուսույց Նարիման Գրիգորյանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը` հղում անելով հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Ուզբեկստանում սպանել են հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանին

Գրիգորյանի դին հայտնաբերվել է հունվարի 13–ին, ժամը 23:50–ին Տաշքենդի Յաշնաբադսկի շրջանում վարձակալած տան հյուրասենյակում։

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ մահացածի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։

Քննություն է իրականացվում։ Բժշկական փորձաքննությունը պետք է օգնի պարզել մահվան պատճառը։

Գրիգորյանի մահը մեկնաբանել է «Միսս ԱՊՀ – 2018»-ի մասնակից Դարյա Մասալսկայան։

«Հավատս չի գալիս, որ նման բան է պատահել, ու չեմ ուզում նրա մասին անցյալ ժամանակով խոսել։ Նարիմանը վառ, տարբերվող մարդ է։ Կարծում եմ` դիզայները հենց այդպիսին պետք է լինի։ Նա շատ ու ջանասիրաբար է աշխատել, մեծ բարձրունքների ու ճանաչման է հասել ոչ միայն մեզ մոտ, այլև արտասահմանում», – ասել է Մասալսկայան Sputnik Ուզբեկստանի հետ զրույցում։

Նրա խոսքով` Գրիգորյանի ցուցադրությունները յուրահատուկ էին, նման չէին մեկը մյուսին, իսկ նրա ողբերգական վախճանը իսկական շոկ էր Ուզբեկստանի նորաձևության աշխարհի համար։

«Նա միակն է, Նարիման Գրիգորյանը», – ամփոփել է Մասալսկայան:

«Պարզապես շոկի մեջ ենք». Տաշքենդում սպանված դիզայների ծանոթը` կատարված ողբերգության մասին

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։