ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Ամուլսարի հանքի գործը հնարավոր ներդրողներին հազիվ թե հետ պահի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելուց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը։
Արդեն մի քանի ամիս է` բնապահպան ակտիվիստները փակ են պահում Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը և թույլ չեն տալիս, որ արդյունահանման արտոնագիր ունեցող Lydian ընկերությունն աշխատի։
Ավետիսյանի խոսքով` սա եզակի իրավիճակ չէ, և ցանկացած երկրի ներդրող գիտի, որ հանքավայրերում հնարավոր չէ բացառել «կանաչների» և տեղի բնակչության բողոքի ակցիաների հնարավորությունը։
«Այսպիսով, այդ ծրագիրն ի սկզբանե մեծ ռիսկեր ուներ։ Եվ ցանկացած ներդրող, եթե նա հասկանում է այդ ամենը, պետք է պատրաստ լինի իր գումարները կորցնելուն։ Դա վերաբերում է աշխարհի ցանկացած երկրի», – նշեց Ավետիսյանը։
Տնտեսագետն ընդգծեց, որ Հայաստանում կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ավելի էական են ներդրողների համար։ Կարևոր են թե՛ շուկայի չափերը, թե՛ ենթակառուցվածքների վիճակը, թե՛ հարկային օրենսդրությունը, թե՛ անձնակազմի պատրաստվածությունը։ Նա հիշեցրեց, որ այդ գործոններն ու դրանց կարևորության աստիճանն արտացոլվել են Համաշխարհային բանկի որակավորումներում։
«Ուստի այն պնդումները, որ հենց այդ իրավական վեճի պատճառով Հայաստանում ներդրումներ չեն անի, չեն համապատասխանում իրականությանը», – եզրափակեց տնտեսագետը։
Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:
Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։
Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացվեց, որի արդյունքները հրապարակվեցին օգոստոսի 14-ին։
Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան։ Շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու փաստեր նույնպես չկան։
Քննչական մարմնի այս հայտարարությունը նոր կրքեր բորբոքեցԱմուլսարի հանքշահագործման դեմ պայքարող բնապահպանների շրջանում։ Ակտիվիստները Ջերմուկում բողոքի ակցիաների նոր ալիք սկսեցին։