Հրայր Թովմասյանը խոսել է ՀՔԾ այցելելու մասին

Սահմանադրական դատարանի նախագահը կուզեր իմանալ, թե ով է ԶԼՄ–ներին տեղեկացրել քննչական գործողությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի կարող ասել ՝ ինչ քննչական գործողությունների է մասնակցելու։ Հատուկ քննչական ծառայություն այցելելուց հետո նա այս մասին ասել է Tert.am–ին։

«Մի մասը նախաքննության գաղտնիք է, մի մասը՝ պետք չէ ինչ-որ բան ասել: Ես կուզենայի իմանալ, թե ով է ձեզ տեղեկացրել այսօրվա քննչական գործողությունների մասին, որովհետև այս ամբողջը պետք է գաղտնիության պայմաններում լինի»,-ասել է Թովմասյանը:

«Փաստինֆո» կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Թովմասյանն այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Պետական կառույցից որևէ մեկնաբանություն չեն տվել, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չի մեկնաբանել տեղեկությունը՝վկայակոչելով ՍԴ մասին օրենքը, որը որոշակի արգելք է սահմանում դատավորների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների մասին տեղեկություն տրամադրելու հարցում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։

Մեր գերխնդիրը Հրայր Թովմասյանի հրաժարականը չէ. Արարատ Միրզոյան