«Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ` ժամանակակից աշխարհում երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Հայաստանի Հանրապետությունն աղբի շերտի տակ է, և աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել։ ՀՀ աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ կառավարությունում կազմակերպված խորհրդակցության ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` այսօրվա մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ:

«Այսինքն՝ մենք կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրներ: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը,–ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, քանի որ այն շատ լուրջ ռեսուրս է, և այդ ռեսուրսն արդյունք է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում ձեռք բերում, դառնում համախառն ներքին արդյունք:

«Ապրելու ենք անաղբ հայրենիքում». Կոտայք–Գեղարքունիք աղբավայրը վերջապես կկառուցվի՞

Փաշինյանը կասկած չունի, որ աղբի հարցն արագ կլուծվի. նա գովել է Մարությանին

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով:

Կառավարության ղեկավարը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ռազմավարությունների ստանդարտացման և այդ նպատակով համապատասխան չափանիշների մշակման վրա՝ տալով համապատասխան հանձնարարական:

Քայլ դույլով, կամ ինչ պետք է սովորենք շվեդներից աղբի «հախից» գալու համար