Ռևիզոր է գալիս. եվրոպացիները խիստ աուդիտ կանցկացնեն Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում

Ռևազյանը կարծում է, որ կոմիտեն պատրաստ է աուդիտին ու բարեհաջող կանցնի ստուգումը։ Այդ նպատակով հոլանդացի մասնագետ են աշխատանքներում ներգրավել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Աուդիտը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեում կանցկացվի փետրվարի 3–ից 7–ը, այն կանցկացնեն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայից (IATA) ժամանած լուրջ մասնագետները։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Ռևազյան. «Դեմ չեմ լինի, որ օդաչուն ավելի բարձր աշխատավարձ ստանա, քան ես»

Կոմիտեն պետք է իրեն լավ դրսևորի, որ Եվրամիության «սև ցուցակում» չհայտնվի։ Այդ ցուցակում հայտնվելու դեպքում հայկական ավիաընկերություններին կարգելվի Եվրոպա չվերթեր իրականացնել։ Բանն այն է, որ ԵՄ երկրներ չվերթեր իրականացնելու հայտ ներկայացնելու ընթացքում մի շարք լուրջ թերություններ են հայտնաբերվել։

«Լուրջ թիմ է գալիս, ու դա Հայաստանի շահերից է բխում, քանի որ դա նշանակում է, որ մենք Եվրոպայի համար առաջնահերթ ենք։ Մենք աուդիտի ենք պատրաստվում ու վստահ եմ, որ այն կանցնենք», – ասաց նա։

Ռևազյանի խոսքով` IATA–ի մասնագետները ակնկալում են, որ կոմիտեն կբացահայտի խնդիրները և լուծման տարբերակներ ու ժամկետներ կներկայացնի։ Այդ նպատակով կոմիտեն արդեն ներգրավել է հոլանդացի մասնագետի, որը չվերթային անվտանգության ոլորտում աշխատանքային լուրջ փորձ ունի։

Երևան–Ղրիմ չվերթ չի նախատեսվում, իսկ Իրաքի ու Իրանի օդային տարածքները դեռ ռիսկային են

Նշենք, որ IATA–ի համաձայն` «Տարոն Ավիա» ընկերությունը, ի թիվս այլ թերությունների, չէր ապահովում չվերթերի անվտանգության պատշաճ մակարդակը։

Ռևազյանը ստիպված էր արդարացումներ գտնել ու արտասահմանյան գործընկերներին ավելի լայն պատկեր ներկայացնել։ Վերջիվերջո, IATA–ը կոմիտեին ժամանակ էր տվել, որպեսզի եղած թերությունները շտկեին։

Ryanair-ի առաջին չվերթը Երևանից դեպի Հռոմ ու Միլան կարող է ուշացումով մեկնել

Նոյեմբերի 6–ին Հայաստանի քաղաքավիացիայի կոմիտեն «Տարոն Ավիային» զրկել էր օդանավերի շահագործման վկայականից` տեսչական ստուգումների ընթացքում բացահայտված թերությունների պատճառով։