ԵՐԵՎԱՆ, 13 Հունվար — Sputnik. Ուղևորների հոսքի ավելացման և ուղևորափոխադրումների որակի կատարելագործման նպատակով 2020 թվականի հունվարի 20-ից էապես փոփոխվում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ներհանրապետական ուղևորատար էլեկտրագնացքների չվացուցակները։ Այս մասին հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, կփոխվի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի երթևեկության կարգը. այն Երևանից մեկնելու է ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 10:15-ին՝ 9:15-ի փոխարեն: Գյումրիից վերադարձի ժամը մնում է անփոփոխ՝ 17:55:
Նորություններ են սպասում նաև ամենօրյա Գյումրի-Երևան-Գյումրի գնացքի ուղևորներին՝ ուղերթը սպասարկելու է ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Գյումրիից մեկնելու է 8:30` 7:45-ի փոխարեն, իսկ Երևանից՝ 18:30` 18:25-ի փոխարեն:
Ամենօրյա Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը հունվարի 20-ից Երևանից մեկնելու է 9:00` 7:55-ի փոխարեն, իսկ Գյումրիից՝ 18:55` 18:15-ի փոխարեն: Ամենօրյա Երևան-Երասխ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 4:40, Երասխից՝ 6:30:
«Հարավկովկասյան երկաթուղում» ամփոփել են 2019–ը. արդյունքներից գոհ են
Հուվարի 20-ից կգործեն երեք նոր էլեկտրագնացքներ՝ երկուսը Արմավիրի, մեկը՝ Արարատի ուղղություններով: Ամենօրյա Երևան-Արմավիր-Երևան էլեկտրագնացքը Երևանից կմեկնի 6:20, Արմավիրից՝ 7:25: Իսկ Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկելու է նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքը, որը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 15:00, Արմավիրից՝ 16:30:
Երևան-Արարատ-Երևան էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է ամեն օր՝ 19:00, Արարատից՝ 20:40:
Հունվարի 20-ից չեն գործելու №686/687 Երևան-Գյումրի-Երևան և №7011/7016 Արաքս-Երևան-Արաքս էլեկտրագնացքները:
«Հայաստանն ու Ռուսաստանը չեն ուզում խզել ՀԿԵ-ի պայմանագիրը». Փաշինյան
Փոխված չվացուցակները շուտով հասանելի կլինեն ՀԿԵ պաշտոնական կայքի (ukzhd.am) «Ուղևորատար գնացքների չվացուցակներ» բաժնում։
Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: