«Չփորձեք ինձ ներքաշել քաղաքական խաղերի մեջ». «Վստրեչի ապերը» հայտարարություն է տարածել

Հայտնի հեղինակություն Վստրեչի ապերը անդրադարձել է մամուլում իր հասցեին հնչած մեղադրանքներին և զգուշացրել, որ այսուհետ իր անունը չկապեն քաղաքականությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. «Վստրեչի ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությունը չի մտնում իր հետաքրքրության շրջանակների մեջ։

«Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքում մի նյութ է հրապարակվել, որտեղ ներկայացված են տարբեր անուններ, որը Հայաստանի ղեկավարին ու նրա ընտանիքի անդամներին վարկաբեկելու ինչ-որ գործընթաց է։ Զարմանալիորեն այդ նյութի մեջ նշում կա նաև իմ անձի մասին։ Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եթե ցանկություն ունենայի զբաղվել քաղաքականությամբ, դա կանեի հրապարակային, առանց ստվերային խարդավանքների»,–ասել է Վարդանյանը։

Ծառուկյանին ու Ալեքսանյանին պատկանող ընկերություններում տեսչական ստուգումներ կանցկացվեն

Նա խորհուրդ է տալիս չփորձել իրեն ներքաշել քաղաքական խաղերի մեջ։

«Զգուշացնում եմ` միշտ հիշեք, որ վաղ թե ուշ իրականությունը պարզվում է, ամոթով է մնում ու տուժում է սուտը հնարողն ու տարածողը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների, մասնավորապես կնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Մարիամ Փաշինյանի դեմ քարոզչական արշավը համակարգվում և ներշնչվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից, որին էլ աջակցում է «Վստրեչի ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանը:

Պաշտպանել հեղափոխությո՞ւնը. ինչպես կարող է Վանեցյանը համախմբել ընդդիմությանը

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, Facebook-ի իր էջում գրել է, որ կարոտով է հիշում Վանեցյանների ընտանիքի հետ ջերմ շփումը, սակայն ցավում է, որ այդ ջերմությունը փոխադարձ չի եղել, և Վանեցյանն իրենց ընտանիքի դեմ դավադրություններ է կազմակերպել:

Ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն և ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը Instagram-ի իր էջում անդրադարձել էր հրապարակմանը՝ նշելով, որ հոդվածում իրեն վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են։

Նա անդրադարձել էր նաև Մարիամ Փաշինյանի գրառմանը` հորդորելով նրան չխառնվել «մեծերի անհասկանալի խաղերի մեջ»։