ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ընտանեկան խորհուրդ է գումարել՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի` թագավորական ընտանիքի պարտականություններից և արտոնություններից հրաժարվելու որոշման հետ կապված, հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամները վաղը հավաքվելու են Սանդրինգեմ կալվածքում։ Խորհրդակցությանը կմասնակցեն Եղիսաբեթ 2-րդը, նրա որդին՝ արքայազն Չարլզը, թոռները՝ արքայազն Հարրին և արքայազն Ուիլյամը։ Մեգան Մարքլը քննարկմանը կմիանա հեռախոսով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արքայազն Հարրիի և նրա կնոջ` Մեգան Մարքլի` արքայական ընտանիքի անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշումն առանց Բուքինգեմյան պալատի հետ նախապես համաձայնեցնելու հիասթափեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդին։
Բուքինգեմյան պալատի պատասխանը բավական «կտրուկ» է եղել, նշվել է, որ դա լուրջ դժվարություններ կստեղծի ընտանեկան զույգի համար։
The Sun պարբերականը նշում է, որ ամուսինների հայտարարությունը գնահատվել է որպես պատերազմ ընտանիքի դեմ, այն զայրացրել է Ուելսի արքայազնին և արքայազն Ուիլյամին։
Հարրիի և Մեգանի արձանները հանել են Տյուսոյի թագավորական ընտանիքի ցուցադրությունից
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, Կանադայում անցկացրած 6-շաբաթյա արձակուրդից վերադառնալուց հետո սենսացիոն հայտարարություն են արել. նրանք հրաժարվել են թագավորական լիազորություններից և այլևս պաշտոնական միջոցառումներին թագավորական ընտանիքը չեն ներկայացնի։
«Վայր ենք դնում բոլոր լիազորությունները». արքայազն Հարրին և կինը հայտարարություն են արել
Սասեքսի դքսերը մտադիր են ֆինանսապես անկախ դառնալ։ Իրենց ժամանակի մի մասը նրանք նախատեսում են անցկացնել Մեծ Բրիտանիայում, մյուս մասը` Հյուսիսային Ամերիկայում։ Ընդ որում, նրանք կշարունակեն «լիովին սատարել Ձերդ գերազանցություն թագուհուն», համագործակցել այն կազմակերպությունների հետ, որոնց ղեկավարներն են, ինչպես նաև զբաղվել նոր բարեգործական նախագծերով։