«Չկա վարորդ՝ չկա պրոբլեմ». Նաիրա Զոհրաբյանը բալային համակարգը ծուղակ է համարում

Պատգամավորի խոսքով` բալային համակարգի ներդրումն այս պահին պարզապես սխալ էր։ Նա առաջարկում է վերանայել համակարգն ու փոփոխություններ մտցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգին։ Ըստ Զոհրաբյանի` մոտ  կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված կլինի վարորդական իրավունքից, և այդպես կլուծվի հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը. «չկա վարորդ՝ չկա պրոբլեմ»։

Պատգամավորը, մատնանշելով բալային համակարգի թերությունները, այն համարել է ծուղակ վարորդների համար։

«Վանգան պետք չէր լինել կանխատեսելու համար, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած վարորդական բալային համակարգը ծուղակ է վարորդների համար: Ես քաղաքացի եմ, որը կողմ է օրինականությանը, ես քաղաքացի եմ, որը կողմ է, որ ղեկին հարբած նստած վարորդը տեղում զրկվի վարորդական իրավունքից: Բայց ես անարդար եմ համարում վարորդին տուգանել և մեկ տարվա մեջ 9 բալ «շալակելու» դեպքում զրկել վարորդական իրավունքից»,–գրել է Զոհրաբյանը և պարզաբանել, որ Հայաստանում դեռ չկան համապատասխան կայանատեղիներ։

Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը. Սերգեյ Ղահրամանյան

Նրա խոսքով` Երևանում պարզապես հնարավոր չէ առանց խախտումների երթևեկել: Զոհրաբյանը բալային համակարգի ներդրման  օրենքի հեղինակներին` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, առաջարկում է վերանայել բալային համակարգը։

«Ընդունեք, որ նման համակարգի ներդրումը այս պահին պարզապես սխալ էր ու վերջ: Եթե, իհարկե, նպատակն այն չի, որ մի կես տարի հետո Հայաստանի վարորդների մեծ մասը զրկված լինի վարորդական իրավունքից ու այդկերպ լուծենք հայաստանյան երթևեկության բեռնաթափման լուրջ խնդիրը»,–եզրափակել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը, ըստ որի՝ տրված 9 բալը սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։

Բալային համակարգի կիրառմամբ նվազել է ՃՏՊ-ների քանակը. Սերգեյ Ղահրամանյան

Բալային համակարգի կիրառման արդյունքում զգալի նվազել են տուգանքների չափերը։ Օրինակ` անսթափ վիճակում ավտոմեքենան վարելու համար գործող 150 000 դրամի փոխարեն կիրառվելու է 29 000 դրամ, փոխարենը` ոչ սթափ վարորդի բալերից միանգամից հանվելու է 4–ը։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտի կամ տաքսու վարորդ է, նա, առաջին իսկ խախտման դեպքում 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։

Նշենք, որ վարորդներից շատերը դժգոհ են այս համակարգից: Բողոքողները հիմնականում տաքսու վարորդներն են: