Ծառուկյանին ու Ալեքսանյանին պատկանող ընկերություններում տեսչական ստուգումներ կանցկացվեն

2020թ–ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ծրագրում է ստուգումներ անցկացնել հայաստանյան շուրջ 200 ընկերությունում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս տեղեկությունները հաստատել է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Նելլի Դանիելյան. 2020թ–ի ընթացքում տեսչական ստուգումներ կիրականացվեն հայաստանյան շուրջ 200 խոշոր ընկերություններում։

Մակարյան. «Համարյա բոլոր տեսչական մարմինները պատրաստ չեն ստուգումներ իրականացնել»

Ստուգման ենթակա ընկերությունների ցանկում են նաև գործարարներ Գագիկ Ծառուկյանին ու Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները`«Մուլտի գրուպ Կոնցեռնն» ու «Նատալի ֆարմը»։ «Սև» ցուցակում են նաև «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ՓԲԸ–ն, «Լիդիան Արմենիան», «Գեոպրոմայնինգ գոլդն» ու մի քանի տասնյակ հանքարդյունաբերական, դեղագործական ընկերություններ, ինչպես նաև Հայաստանի գրեթե բոլոր խոշոր հիվանդանոցները։

Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հաստատեց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Անկեղծ ասած, միայն «Լիդիան Արմենիան» եմ հիշում, որովհետև ցուցակում առաջինն էր։ Մնացած տնտեսվարողներին չեմ էլ նայել անվանական` ովքեր են, որովհետև իրենք ինձ համար դրանք ընդամենը ռիսկային բալեր վաստակած տնտեսվարողներ են»,– ասաց Ավագյանը։

2020թ–ի տեսչական ստուգումների ենթակա 191 ընկերությունների ցանկն արդեն հրապարակված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնական կայքում, և վերոհիշյալ բոլոր ընկերությունները դրանում առկա են։

Գինը չեն իջեցնում, բայց «նկարած թվեր» էլի կան. ստուգումներ` Հայաստանի խաղողի այգիներում

«Մենք ունենք անհատական ռիսկ և ոլորտային ռիսկ։ Ոլորտային ռիսկ, օրինակ, համարվում է հանքարդյունաբերությունը։ Եթե ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում է, ռիսկային 100 միավոր արդեն վաստակում է։ Հետո գալիս են այլ չափորոշիչներ` քանի աշխատող ունեն, դժբախտ ելքով քանի դեպք են ունեցել, միավորները գումարվում են ու որքան մոտ են 200 միավորին, այնքան ավելի բարձր ռիսկային դիրքում են հայտնվում»,– ասաց Ավագանը։

Նրա խոսքով` ստուգման ենթակա օբյեկտների ցուցակում ներառված են բացառապես բարձր ու միջին ռիսկայնությամբ ընկերությունները։ Ցուցակում առկա 191 ընկերություններից 134-ը`բարձր, 57–ը` միջին ռիսկայնություն ունեն։

Օրենքը փոխվեց, բայց այն առաջ էլ կարելի էր շրջանցել. ի՞նչ կտա ստուգումների մասին նոր օրենքը

«Այն դեղագործական ընկերությունները, որոնք նաև ներմուծող են, ևս համարվում են ռիսկային ու դրանով արդեն վաստակում են 100 միավոր։ Այնպես որ, դրանք 100 բալ արդեն վաստակել են ու մնացած չափորոշիչներով էլ մոտեցել են 200 միավորի` աշխատողների քանակ, շրջանառության ծավալները և այլն»,– նշեց Ավագյանը։

Դեղագործական խոշոր ընկերություններից ռիսկայինների ցանկում են «Լևոն և Լամարա» դեղատների ցանցը, «Նատալի ֆարմը», «Ալֆա ֆարմը», «Դեղաբազա Երևանը», «Վագա Ֆարմը», «Էսկուլապը» և այլն։

Դրանցում անցկացվելիք ստուգումների առանցքում, Հակոբ Ավագյանի խոսքով, լինելու է դեղագործական արտադրանքի իրացման ամբողջ շղթան` ներմուծումից մինչև վաճառք։

Հայաստանը կարող է հայտնվել «սև ցուցակում». IATA–ն կստուգի ավիափոխադրումների շուկան

Այս տեսակետից ռիսկային են համարվել նաև այն  հիվանդանոցները, որոնք նաև դեղատնային բիզնես ունեն։

«Հիվանդանոցներում հնարավոր է լինում միանգամից 3 ռիսկային ոլորտ ստուգել։ Այսինքն` հիվանդանոցները կարող են ցուցակում հայտնված լինել և՛ դեղատների ռիսկային ոլորտով, և՛  սանիտարահամաճարակային, և՛ բժշկական սպասարկման ծառայությունների մասով»,– ընդգծեց Ավագյանը։

Ստուգման ցանկում են «Նաիրի», «Սուրբ Աստվածամայր», «Էրեբունի», «Արմենիա», Արաբկիր» բժշկական կենտրոնները, Հանրապետական և Հերացու թիվ 1 հիվանդանոցները, Ս.Վ. Մալյանի անվան ակնաբուժական կլինիկան և այլն։

Մարզային հիվանդանոցներից տեսուչները 2020թ–ին կայցելեն Կապանի, Գորիսի, Էջմիածնի, Սևանի, Նոյեմբերյանի, Ստեփանավանի, Ալավերդու, Աշտարակի, Մասիսի, Հրազդանի, Չարենցավանի, Արտաշատի հիվանդանոցներ։

«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է

«Մենք ծառայությունների որակը չենք ստուգելու, դա մեր գործառույթը չէ, օրինակ, այդ բժիշկը լավ բժիշկ է, թե ոչ։ Դիտարկելու ենք իրենց տրված լիցենզիայի պահանջներին համապատասխանությունը` շենքերի կահավորվածությունը, բուժանձնակազմի համալրվածությունը և այլն։ Իսկ ամենաշատը, որ մենք ստուգում ենք` բժշկական փաստաթղթերի վարման, լրացման կարգերի պահպանումն է։ Թվում է` սա փոքր բան է, բայց դրանից բխում են շատ այլ հարցեր»,– ասաց Ավագյանը։

Տիգրան Ավինյանի խորհրդականի եղբոր ընկերությունում ստուգումներ են իրականացվում

Հարցին, թե մտավախություն չկա, որ ստուգման ենթակա ընկերությունների ցանկը հրապարակելուց հետո դրանք հնարավորություն կունենան նախապատրաստվելու տեսուչների այցին, տեսչական մարմնի ղեկավարն այսպես պատասխանեց, որ եթե նույնիսկ այդ ընկերությունները մինչև իրենց տեսուչի գնալն ամեն ինչ կարգի բերեն, իրենք միայն ուրախ կլինեն։ Ըստ Ավագյանի` իրենց նպատակը ոչ թե տուգանելն է, այլ այն, որ տնտեսվարողներն իմանան, որ կա վերահսկողություն իրականացնող մարմին։

Ստուգումներ իրականացնելու իրավունք տեսչական մարմինը միայն այս տարի է ստացել` օրենքի փոփոխության արդյունքում։ Ուստի, Հակոբ Ավագյանի խոսքով, հայաստանյան ոչ մի ընկերությունում ստեղծման օրից ի վեր նման ստուգումներ չեն անցկացվել։

Այս տարվանից ուժի մեջ մտած ընթացակարգերով նախատեսվում է  ստուգումների 3 տեսակ` փաստաթղթային, տեսողական ու փորձագիտական։