ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն խոստովանել է, որ ծանր է տարել ուկրաինական ինքնաթիռի կործանման լուրը։ Այս մասին հայտնում է Farsnews-ը։
«Երբ իմացա` ինքնաթիռ է կործանվել, ուզում էի մեռնել, որպեսզի այդ ողբերգությունը չտեսնեմ»,– ասել է նա։
Խոսելով կատարվածի հանգամանքների մասին՝ նա նշել է, որ ամերիկացիները սպառնացել են հարվածներ հասցնել Իրանի օբյեկտներին, այդ պատճառով էլ ռազմական բոլոր ստորաբաժանումները (այդ թվում՝ ՀՕՊ-ը) մարտական պատրաստության վիճակում են եղել:
Հաջիզադեի խոսքով` ինքը բազմաթիվ անգամ խնդրել է, որ այդ պայմաններում Իրանի օդային տարածքը փակեն։
Գեներալը հայտարարել է նաև, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ընդունում է ուկրաինական ինքնաթիռի կործանման մեղավորությունը։ Վերադաս կառույցները հետաքննություն կիրականացնեն։
Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։
Այս գործողությունը հաջորդել էր հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, երբ ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ է լուծելու ամերիկացիներից։
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբն այսօր խոստովանել է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել մարդկային սխալի պատճառով։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ պահանջել է, որ Իրանը լիովին ընդունի իր մեղքը «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 օդանավը կործանելու համար։