ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ պետք է վերացնել հակաօդային պաշտպանության համակարգերի թերությունները։ Այս մասին հայտնում է Sputnik Arabic–ը։
Իրանի ԶՈւ գլխավոր շտաբն այսօր խոստովանել է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել մարդկային սխալի պատճառով։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև այն թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:
«Պետք է վերացնել հակաօդային պաշտպանության համալիրների բոլոր թույլ կետերը, քայլեր ձեռնարկել, որ նման աղետներ երբեք չկրկնվեն», - ասել է Իրանի նախագահը, որի հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։
Արևմտյան մի շարք առաջնորդներ ավելի վաղ հայտարարել էին, որ ինքնաթիռի կործանման պատճառը կարող է լինել հրթիռային հարվածը, բայց Իրանի ներկայացուցիչները հերքել էին այդ տարբերակը։
Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։
Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին
Այս գործողությունը հաջորդել էր հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, երբ ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ է լուծելու ամերիկացիներից։