Հասան Ռոհանին ինքնաթիռի կործանման թեման քննարկել է Զելենսկու հետ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ընդունել է, որ ինքնաթիռն իրենց մեղքով է կործանվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Իրանի և Ուկրաինայի նախագահները` Հասան Ռոհանին ու Վլադիմիր Զելենսկին, հեռախոսով քննարկել են ուկրաինական ինքնաթիռի կործանման հարցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRIB պետական հեռուստաընկերությանը։

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800–ը թռիչքից գրեթե անմիջապես հետո կործանվել էր Թեհրանի օդանավակայանի մոտակայքում։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։

Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին

Այս գործողությունը հաջորդել էր հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, երբ ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժ է լուծելու ամերիկացիներից։

Իրանի ԶՈւ գլխավոր շտաբն այսօր խոստովանել է, որ Թեհրանի մոտակայքում կործանված ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել մարդկային սխալի պատճառով։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ օդանավը խոցել են, որովհետև թռել է ռազմական կարևոր օբյեկտի մոտով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է, որ Իրանը լիովին ընդունի իր մեղքը «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing 737-800 օդանավը կործանելու համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ մեռնելու ցանկություն է ունեցել, երբ իմացել է ինքնաթիռի կործանման մասին։