Հաջորդ Ամանորը հանգիստ խղճո՞վ կնշենք. պայթուցիկների վաճառքը կարգելեն

Ազատ վաճառքում կլինեն միայն կենցաղային նշանակության հրավառությունները,  որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, ըստ որի` այսուհետ արգելվելու է ճայթուկների վաճառքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։

Նախարարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում։

«Օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեցինք` հաշվի առնելով վերջին շրջանում  ճայթուկների պատճառով ինքնավնասման դեպքերը։ Այժմ ճայթուկները ենթակա են ազատ վաճառքի, սակայն օրենքն ընդունելուց հետո որևէ խանութում դրանք չպետք է վաճառվեն»,–ասաց Մկրտումյանը։

Նրա խոսքով` ճայթուկ ասելով` հաշվի են առնվելու այն բոլոր պայթուցիկները, որոնք թելային գլանակ ունեն և որոնց ծայրին այրման համար հատուկ քսուկ կա։ Եթե օրենքի ընդունումից հետո որևէ խանութ ճայթուկ վաճառի` կպարտավորվի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով տուգանք վճարել։

Ճայթուկը պատահաբա՞ր է պայթել, թե՞ աղջնակն է այն պայթեցրել. հերթական դեպքը Շիրակի մարզում

Ճայթուկի պատճառով երեխան զրկվել է մատներից մեկից. ԲԿ–ի խոսնակը մանրամասներ է ներկայացրել

Բացի այդ, ըստ Մկրտումյանի, տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կիրականացվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները նրանք են, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ, օգտագործողների համապատասխան որակավորում և տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Մասնագետը հայտնեց` ազատ վաճառքում կլինեն միայն կենցաղային նշանակության հրավառությունները,  որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ։ Պարզ ասած`դրանք ձեռքի մեջ պայթելու «հնարավորություն չունեն»։ 

«Հարսանիքներին, ծննդյան օրերին կամ էլ Ամանորին կարող են կենցաղային նշանակության հրավառություններ անել, իսկ պայթուցիկների մասին պետք է մոռանալ»,–ասաց Մկրտումյանը։

Առողջապահության նախարարության մշակած օրենքի նախագիծն այժմ հանրային քննարկման է դրված։ Այն նաև ուղարկել են պատկան մարմիններին` կարծիք ստանալու համար։ Մկրտումյանը հույս ունի, որ մինչև 2020թ.–ի տարեվերջ օրենքն ընդունված կլինի։

Հիշեցնենք, որ տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից և հրավառություններից տուժած 95 անձ, որոնցից 40–ն անչափահաս են եղել։

Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու. պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել